211652_close_icon
views-count1505 դիտում article-date 13:22 22-03-2019

Դեսպան Տիգրան Մկրտչյանը բանախոսել է Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովում

Մարտի 21-ին Վիլնյուսում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված «Արևելյան գործընկերության տասնամյակը․ ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովը, որին մասնակցեց և որպես բանախոս ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius), ով անդրադարձ կատարեց տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հիմնական ձեռքբերումներին` վերահաստատելով Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող բարեփոխումներին։ Համաժողովի առաջին մասում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, կարևորեց ԵՄ և մասնավորապես ԱլԳ գործիքակազմի ընձեռած հնարավորությունների դերը Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում։ Կարևորելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Հայաստանի կողմից մեծ թափով իրականացող բարեփոխումների օրակարգն իր դրական ազդեցությունը կունենա այս հարցում։ Դեսպանն ընդգծեց, որ Լիտվան և բալթյան մյուս երկրները միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց նաև ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն համարելով որպես ԱլԳ շրջանակներում կարևոր ձեռքբերում։ Դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց բալթյան երեք երկրների ներկայացուցիչներին համաձայնագիրն առաջինը վավերացնելու համար՝ ընդգծելով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից փաստաթղթի վավերացման կարևորությունը։ Եվրոպական Միության խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում համաժողողվին ելույթ ունեցավ նաև Ռումինիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դանութ Նիկուլաեսկուն (Dănuț Neculăescu), ով, ներկայացնելով ԵՄ խորհրդում Ռումինիայի առաջնահերությունները, ընդգծեց Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության և անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու հարթակի՝ դրվատանքով խոսեց Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների և վարչապետ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։ Համաժողովին ելույթներ ունեցան նաև ԱլԳ անդամ երկրներից Ուկրաինայի, Մոլոդովայի և Վրաստանի, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր