1725 դիտում
23:21 21-03-2019
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Բուենոս Այրեսում մասնակցեց Հարավ-Հարավ համագործակցություն երկրորդ բարձրաստիճան համաժողովին
Մարտի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցեց «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարեցին Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը, շնորհավորելով մասնակից պետություններին Բուենոս Այրեսի գործողությունների ծրագրի քառասունամյակի կապակցությամբ, հույս հայտնեց, որ օգտագործելով «Հարավ-Հարավ համագործակցության» հսկայական ներուժը և մեկտեղելով միջազգային հանրության ջանքերը հնարավոր կլինի ստեղծել համագործակցության ամրապնդման նոր և ընդգրկուն հարթակներ՝ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում։
Նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում աշխատանքներ են տարվում երկրի ազգային գերակայությունները ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հեռահար և համապարփակ գործընթացին համապատասխանեցնելու ուղղությամբ, որոնք կապահովեն դրանց ներդաշնակեցումը ՀՀ հավակնոտ բարեփոխումների ծրագրին, որն առաջ է եկել թավշյա հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած վճռական քաղաքական և ժողովրդավարական փոխակերպումների արդյունքում։ Արտակ Ապիտոնյանը նաև նշեց Հայաստանի նախաձեռնությունները՝ միջազգային տարբեր հարթակներում գործողությունները համընդհանուր զարգացման օրակարգին ներդաշնակեցնելու ուղղությամբ, ինչպիսիք են Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահության շրջանակներում միջոցառումները, Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և այլն։
Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից արցախյան հակամարտության վերաբերյալ հնչեցրած մեղադրանքներին՝ Ա. Ապիտոնյանը նշեց, որ Ադրբեջանը, խուսափելով փոխզիջումային լուծումներ գտնելուց, մերժելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և շարունակելով ուժի և ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը, իրական սպառնալիքներ է առաջացնում Արցախի բնակչության գոյատևման, հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար։ Փոխնախարարը նաև անդրադարձավ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումներին որպես կայուն զարգացմանը և բարիդրացիության միջավայրի ձևավորմանը խոչընդոտող գործոն։
Բարձրաստիճան համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ։
Գվատեմալայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խաիրո Էստրադայի (Jairo Estrada) հետ հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությանը և տնտեսական կապերն ակտիվացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր։
Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բուի Թան Սոնի (Bui Thanh Son) հետ քննարկվեցին տնտեսական կապերի և մշակութային-կրթական փոխանակումների աշխուժացման վերաբերյալ հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վիետնամական կողմին հրավիրեց մասնակցելու Հայաստանում կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին։ Կարևորվեց նաև ԵԱՏՄ հարթակը տնտեսական կապերը խթանելու համար լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յենս Ֆրոլիխ Հոլթեի (Jens Frolich Holte) հետ քննարկվեցին երկկողմ և բազմակողմ հարցերի լայն շրջանակ։ Կարևորվեց ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին Նորվեգիայի շարունակական աջակցությունը, միջազգային հարթակներում համագործակցության ընդլայնումը, երկու երկրների քաղաքական շրջանակների միջև անմիջական կապերի հաստատումը։
Տեղեկանք․ «Հարավ-Հարավ համագործակցությունը» զարգացող երկրների միջև քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և տեխնիկական համագործակցության հարթակ է, որը հնարավորություն է տալիս նրանց փոխանակել լավագույն փորձը, գիտելիքներն ու հմտությունները և զարգացմանն ուղղված միահամուռ ջանքեր գործադրել։
Նմանատիպ նյութեր
3092 դիտում
21:32 04-10-2018
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Կիևում մասնակցում է միջազգային համաժողովին
1286 դիտում
23:39 06-11-2014
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» երկրորդ համաժողովին
Այս բաժնից
715 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
727 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
655 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով