211652_close_icon
views-count2865 դիտում article-date 23:04 20-03-2019

Թբիլիսիում կազմակերպվել են «Բիզնեսը բիզնեսի համար» հանդիպում. հիմնական նպատակն է՝ բարելավել Հայաստանի և Վրաստանի կաթնամթերքի ոլորտում գործող շուկայական կապերը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել էին «Բիզնեսը բիզնեսի համար» (B2B) հանդիպում, որի հիմնական նպատակն էր բարելավել Հայաստանի և Վրաստանի կաթնամթերքի ոլորտում գործող շուկայական կապերը: B2B հանդիպումը նպատակ ուներ հայ և վրացի ֆերմերներին ներկայացնել ոլորտի գյուղատնտեսության լավագույն փորձը, ինչպես նաև ներդրանքների ու տեխնոլոգիաների առաջադեմ օրինակներ, ստեղծել շուկայական ամուր կապեր երկու երկրների արժեշղթաների մասնակիցների և միջազգային մատակարարների միջև: ՊԳԿ-ն երկու երկրներում էլ օժանդակում է մասնավոր ոլորտում գործող տեղական կազմակերպությունների՝ նպատակ ունենալով բարելավել կաթնամթերքի և մսի ողջ արժեշղթայում մուտքը դեպի տեխնոլոգիաներ և տեղեկատվության փոխանակում: Միջոցառման թիրախը Հայաստանում և Վրաստանում անասնաբուծության ոլորտներում առկա մարտահրավերներն են և այն հնարավորությունները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հզորացնել այս ոլորտը՝ ավելի լավ անասնակերի արտադրության, կովերի լավ պահվածքի տեխնոլոգիաների և գենետիկայի բարելավման շնորհիվ: Այն նաև եզակի հարթակ էր հայ և վրացի գործընկերների համար՝ հանդիպելու և իրենց տեսակետներն ու փորձառությունը փոխանակելու համար: Միջոցառմանը մասնակցում էին Nutrimax, DeLaval, Alta Genetics, Maisadour և այլ ընկերություններ, որոնք ներկայացրեցին իրենց արտադրանքը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները: «CARD հիմնադրամը բավականին մեծ փորձ ունի առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և խթանման գործում՝ տեղական շուկաներ բերելով միջազգային լավագույն արտադրողներին», նշեց CARD հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սոնա Թելունցը: «Վերջիններս ահռելի ռեսուրսներ են տրամադրում հետազոտությունների և զարգացման համար և բավականին շատ գիտելիքներ և փորձ ունեն, ինչը կարևոր է մեր շուկաների զարգացման համար: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ միջազգային լավագույն փորձը ներկայացվում է տեղի ֆերմերներին: Վերջնական արդյունքում ընդլայնվում է նաև կենդանական ծագման արտադրանքի և առկա ծառայությունների շրջանակը Հայաստանում և Վրաստանում»: Անցած տարի սեպտեմբեր ամսին Ծաղկաձորում հանդիպում էր կազմակերպվել՝ ի աջակցություն Հայաստանի և Վրաստանի մասնավոր հատվածի ներգրավմանը Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ շեշտադրելով պարենային անվտանգությանն ու սնուցմանն ուղղված խնդիրները: Այդ հանդիպումից հետո ՊԳԿ-ին խնդրանքով դիմել էին աջակցել Հայաստանի և Վրաստանի մասնավոր հատվածի հիմնական դերակատարների հետագա փոխհարաբերությունների խորացման հարցում: Այսօրվա B2B հանդիպումը այդ խնդրանքի արդյունքում կայացած առաջին նմանատիպ փորձն է: Միջոցառման ժամանակ ՊԳԿ ծրագրի պատասխանատու Մագալի Հերրանզը կարևորեց տեղական բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով կաթնամթերքի արժեշղթայի ներսում մարտահրավերների հասցեագրումը: «Մենք հույս ունենք, որ և´ Հայաստանը, և´ Վրաստանը կշահեն այս հանդիպման արդյունքներից, որը ճանապարհ կհարթի երկու երկրներից համապատասխան դերակատարների հետագա համագործակցության համար», նշեց Հերրանզը: Նա նաև հավելեց, որ յուրաքանչյուր ընկերություն, լինի մեծ թե փոքր, ներուժ ունի՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զագրացման մեջ իր ներդրումն ունենալու համար: Մեկօրյա աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ համապատասխան նախարարություններից, պետական այլ մարմիններից, և գործընկեր կազմակերպություններ, ֆերմերներ, անասնաբույժեր մի շարք երկրներից` շուրջ 50 մասնակից: 2017թ.-ի դեկտեմբերից սկսած CARD հիմնադրամը՝ Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի հետ համագործակցությամբ և ՊԳԿ-ի աջակցությամբ, մի քանի հետազոտական ծրագրեր է իրականացրել՝ գնահատելու Հայաստանի և Վրաստանի կաթնամթերքի ոլորտները: Այս ուսումնասիրությունները օգնել են և´ վերհանել կաթնամթերքի արտադրության արժեշղթաներում առկա բացերը, և´առաջարկել բարելավման մեխանիզմներ:

Նմանատիպ նյութեր