211652_close_icon
views-count1168 դիտում article-date 10:59 20-03-2019

Նոր Հայաստան, նոր ատոմակայան. հարցն օրակարգո՞ւմ է․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է ոչ թե ատոմակայանի փակման հարցը, այլ համարժեք հզորության ստեղծման: Այդ մասին մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ ներդրումային հնարավոր ծրագրերի մասին: Այդօրինակ հայտարարությունն, իհարկե, առաջին անգամ չէ, որ հնչում է: Այդ մասին խոսել է նաև նախկին իշխանությունը՝ ասելով, որ ատոմակայանը չի փակվի այնքան ժամանակ, քանի դեռ ստեղծված չէ համարժեք նոր հզորություն: Սակայն, այդուհանդերձ, թե՛ նախկինում, թե՛ հիմա այս հարցն ունի որոշակի պարզաբանման անհրաժեշտություն՝ այն իմաստով, որ հստակեցման կարիք ունի «համարժեք հզորություն» արտահայտությունը: Առաջին հայացքից, համարժեք հզորություն նշանակում է էներգետիկ արտադրողականության համարժեք հզորություն, որը թույլ կտա մի էներգաարտադրողին փակել՝ ունենալով նորը և այդպիսով չունենալով արտադրական աղբյուրի դեֆիցիտ: Բայց հարցը շատ ավելի տարողունակ է: Օրինակ՝ ջերմաէլեկտրակայանը համարժե՞ք է ատոմակայանին, թե՞ ոչ: Անկասկած է, որ միայն արտադրական հզորությունը և անգամ միայն ինքնարժեքի հավասարազորությունը չեն կարող համարվել համարժեք՝ այդ բառի լայն և խորքային իմաստով: Որովհետև Հայաստանը գազ ստանում է արտերկրից, իսկ ատոմակայանի դեպքում մենք ձեռք ենք բերում միջուկային վառելիքը մեկ անգամ և բավական երկար ժամանակահատվածի համար: Իհարկե, կա թափոնների կառավարման խնդիրը, բայց այստեղ հարցն ամենևին համարժեք չէ մատակարարվող գազի խնդրին: Սրանից բացի, կա նաև խնդրի թերևս ամենակարևոր՝ քաղաքական, աշխարհաքաղաքական և նույնիսկ ռազմա-քաղաքական բաղադրիչը, որ ունի ատոմակայանը և չունի գործնականում որևէ այլ էներգաարտադրող հզորություն: Ատոմակայանը քաղաքականություն է, ավելին է, քան քաղաքականությունը, միջուկային տեխնոլոգիան ներկայումս ցանկալի ռեսուրս է անգամ շատ զարգացած, ուժեղ պետությունների համար, որը Հայաստանն ունի և շահագործում է: Ըստ այդմ՝ եթե խոսում ենք համարժեքությունից, ապա, բնականաբար, պետք է խոսել առավել ևս այդ բաղադրիչի մասին, ըստ այդմ՝ համարժեք հզորություն ասելով՝ Երևանն իր գործընկերների հետ պետք է քննարկի լիովին համարժեքության հարցը, այսինքն՝ նոր ատոմակայանի: Ինքնին հասկանալի է, որ այստեղ որքան կարևոր է խնդիրը նաև քաղաքական, ռազմա-քաղաքական տեսանկյունից, նույնքան էլ, բնականաբար, կա բարդ աշխատանքի տեղիք, ներառյալ նաև բավականին թանկարժեք բնույթը: Այդ իմաստով, ինչպես հայտնի է, թղթի վրա մնաց դեռևս 2008 թվականին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ նոր ատոմակայանի շինարարության մասին: Ընդ որում՝ այդ ուղղությամբ պայմանագիր կնքվեց «Ռոսկոսմոսի» հետ, որով ռուսական ընկերությունը մի կողմից ստանձնեց ամբողջ շինարարության «իրավունքը», մյուս կողմից ընդամենը 20 տոկոսի ֆինանսավորման պարտավորությունը, որը մոտավորապես կազմում էր մեկ միլիարդ դոլար փող: Այս իմաստով, ինչպիսի՞ վիճակում է այդ համաձայնությունը, կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ դրանից, քննարկվո՞ւմ է արդյոք ռուսական կողմի հետ այդ հարցը, թե՞ Մոսկվան հորդորել է բավարարվել գործող ատոմակայանի շահագործումը 10 տարով երկարաձգելու համար տրված վարկով՝ 270 միլիոն դոլարի: Օրեր առաջ Հայաստան էր ժամանել նաև ատոմային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությունը, որի ընթացքում քննարկվել էր ոլորտում երկկողմ գործակցության հարցը: Իսկ այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ դեռևս 2011 թվականին Հայաստան այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Սարկոզին խոսել էր այն մասին, որ հայկական կողմի հետ կքննարկեն նոր ատոմակայանի շինարարությանը ֆրանսիական մասնակցության հարցը: Հարցը, սակայն, մնաց կիսատ, Սարկոզիի չվերընտրվելո՞ւ պատճառով, թե՞ ռուսական կողմի խոչընդոտի: Սա առայժմ բաց հարց է, սակայն ավելի լայն համատեքստով՝ Հայաստանի նոր կառավարության օրակարգում կա՞ նոր ատոմակայանի հարց՝ որպես արտաքին գործընկերների հետ քննարկվող խնդիր, թե՞ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր