211652_close_icon
views-count2404 դիտում article-date 12:13 19-03-2019

ՌԴ-ում գործող 2 օդանավակայան վերանայել է սակագնային քաղաքականությունը, և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն. ՏՄՊՊՀ

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ըստ բողոքի՝ չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունն իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ: «Տարոն Ավիան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ խնդրահարույց է նաև աերոնավիգացիոն ծառայություններ տրամադրող ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կողմից իրենց հանդեպ կիրառվող գնային քաղաքականությունը: Այստեղ ևս գործում են տարբերակված մոտեցումներ, մասնավորապես, Ռուսաստանի տարածքում ոչ տեղական ընկերություններից աէրոնավիգացիոն ծառայության դիմաց գանձվում է 95,2 դոլար՝ յուրաքանչյուր 100 կմ-ի համար, մինչդեռ տեղական, այսինքն ռուսական ավիաընկերությունները նույն ծառայության համար վճարում եմ մոտ 3 անգամ ավելի էժան՝ 35 դոլար՝ 100 կմ-ի համար: Ըստ հանձնաժողովի՝ ԵԱՏՄ տարածքում անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին: Նման մոտեցման արդյունքում ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝ «Տարոն Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչը էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա: Հանձնաժողովը խնդիրը տևական ժամանակ քննարկել է ԵԱՏՄ գործընկերների հետ՝ նրանց ևս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ և ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները և վերանայել դրանք: Այսինքն, ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաև, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում, և ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը, և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն: ՏՄՊՊՀ-ն հավելում է, որ մեր երկրում թե հայկական և թե արտասահմանյան ընկերությունների համար սպասարկման և աերոնավիգացիոն ծառայությունների գների նման տարբերակում առկա չէ, ինչը նշանակում է, որ այդ առումով բոլոր երկրների ավիափոխադրողները ունեն հավասար մրցակցելու հնարավորություն:

Նմանատիպ նյութեր