211652_close_icon
views-count1124 դիտում article-date 11:26 19-03-2019

Կառավարությունները ժամանակավոր են, իսկ լրատվամիջոցները՝ հավերժ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները շարունակում են բողոքել լրատվամիջոցներից՝ բաժանելով դրանց «յուրայինների» և «թշնամականների», «պետականամետների» և «հակապետականների», «սևերի» և «սպիտակների»: ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ շարունակում են այդ բաժանումներից նեղվել և ինչ-որ «հակադարձումներ» գրել: Կարծում եմ, կողմերն իզուր ժամանակ և նյարդեր են ծախսում՝ ամեն մեկը պետք է կենտրոնանա իր գործի վրա: Իշխանավորները պիտի փորձեն բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը թե՛ նյութական և թե՛ հոգևոր իմաստով, իսկ վերջինիս մեջ մտնում է, կարծում եմ, մտածողության հորիզոնների ընդլայնումը: Եթե այսօր «թամբին նստածները» իսկապես մտածում են, որ մեր կյանքի բարեփոխմանը խանգարում է քոչարյանական, ՀՀԿ-ական, ռևանշիստական կամ այլ «մութ ուժերի» մամուլը, ապա նրանք մոլորության մեջ են: Եթե դա պարզապես իշխանության քարոզչությունն է, ապա, այո, այն պարարտ հող է գտնում, որովհետև հայաստանցիների և ընդհանրապես հայերի մեծ մասն այս պահին մեր իշխանություններին սիրում է: Ի դեպ, այդ ամենը նոր չէ. ժամանակին՝ 1990-ականների առաջին կեսին դաշնակցական մամուլն էր «խանգարում պետականության կայացմանը»: 1995 թվականի մայիսին ես «Առավոտում» անգամ հոդված էի գրել, որի վերնագիրն էր՝ «Խնայեք ձեր նյարդերը՝ կարդացեք «Սպիդ-ինֆո»: Կոչը, բնականաբար, ուղղված էր այն ժամանակվա իշխանավորներին: Իսկ 1998-ից հետո քոչարյանական իշխանավորներն ու քարոզչությունն էր պնդում, որ երկիրը ծաղկեցնելու գլխավոր խոչընդոտը «ՀՀՇ-ական մամուլն» է: Բայց (մի՛ զարմացեք) ես միշտ ու նաև այս ժամանակաշրջանում ավելի շատ եմ կարևորում մեր՝ լրատվամիջոցներիս աշխատանքը և դիրքորոշումը, որովհետև կառավարությունները, պատգամավորները ժամանակավոր են, իսկ լրատվամիջոցները, որպես հասարակական մտքի հայելի՝ հավերժ: Իհարկե, ամեն մի լրատվամիջոց ինքն է ընտրում այն սկզբունքները, որով առաջնորդվում է, ես կարող եմ խոսել միայն իմ և «Առավոտի» մասին: Նախ՝ չմտնել ամեն տեսակի «ԶԼՄ-ամերձ» կռիվների մեջ, չարդարանալ, երբ ինչ-որ մեկը, այդ թվում՝ իշխանավորը, իշխանության երկրպագուն, թե ընդդիմադիրը մեզ ինչ-որ բանում մեղադրում է: Օրինակ, չարձագանքել, երբ «գլենդեյլներում» ապրող որևէ էքզալտացված տիկին գրում է «duq el caxveciq qocharyanin» տիպի տեքստեր: Իսկ աշխատելու սկզբունքը հետևյալն է: Լրատվամիջոցը միշտ պետք է զուսպ քննադատական դիրք բռնի ցանկացած՝ սիրված թե չսիրված իշխանության հանդեպ: Չհայհոյի, չվիրավորի իշխանավորներին, չձգտի պարտադիր նրանց վրա «կեղտ բռնել», բայց մյուս կողմից՝ չհրճվի և չփառաբանի: Օրենքի և էթիկայի վարքականոնի սահմաններում արտահայտվելու հնարավորություն տալ բոլորին, այդ թվում՝ նրանց, ում հետ կտրականապես համաձայն չես: Ինձ թվում է նաև, որ լրագրողը պետք է ամեն ինչին և, մասնավորապես, քաղաքական կրքերին նայի մի քիչ վերևից և ներողամտության որոշակի չափաբաժնով: Բայց դա հիմա՛ է ինձ թվում: 20 տարի առաջ ես այդպես չէի մտածում: Եվ ով գիտի, թե ինչ եմ մտածելու 20 տարի հետո»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր