211652_close_icon
views-count583 դիտում article-date 15:01 18-03-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին

Մարտի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Նորին Սրբությունը նրան մաղթեց արդյունավետ գործունեություն ի նպաստ հայ-արաբական գործակցության առավել սերտացման: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հայ-արաբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն` երախտագիտությամբ արձանագրելով նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայորդիներ ապաստան են գտել արաբական երկրներում: Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու երկրների միջև այսօր առկա համագործակցությանը: Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին, ուրախություն հայտնելով հանդիպման առիթով, խոսեց իր ծրագրերի մասին: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին նաև տեղեկացրեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները 2019 թ. երկրում հռչակել են որպես հանդուրժողականության տարի: Այս առիթով Վեհափառ Հայրապետը և դեսպանն անդրադարձան պետությունների և ժողովուրդների միջև հանդուրժողականության ոգու հաստատման կարևորությանը՝ իբրև խաղաղ համակեցության երաշխիք, ինչպես նաև կրոնների դերակատարությանը մարդկային կյանքում սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության առատացման գործում: Կարևորվեցին այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նմանատիպ նյութեր