211652_close_icon
views-count1810 դիտում article-date 13:22 16-03-2019

Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոսկվայում այցելել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին»,- նշված է հաղորդագրությունում: Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին: Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը հայտնել էր, որ մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:

Նմանատիպ նյութեր