211652_close_icon
views-count1754 դիտում article-date 09:57 16-03-2019

ԱՄՆ-ի հայ երիտասարդները հավաքվել էին Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում ավարտվեց Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կազմակերպած երիտասարդ առաջնորդների եռօրյա հավաքը, որի ընթացքում հայազգի երիտասարդները ծանոթացան Վաշինգտոնում աշխատելու հեռանկարներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4833832.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Հավաքի նպատակն է՝ քոլեջների և բուհերի ուսանողների մոտ առաջ բերել հետաքրքրություն Վաշինգտոնի նկատմամբ, նշում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը. «Մենք ունենք երիտասարդ հայերին Վաշինգտոնում աշխատանք գտնելու հարցում աջակցելու ավելի քան տասնամյա փորձ»: Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակն իր ծրագրերի միջոցով հայ երիտասարդներին Վաշինգտոնում սկզբնական շրջանում տրամադրում է նաև անվճար կացարան և հոգում սննդի ծախսերը: Ծրագրի մասնակից Անի Կարապետյանի խոսքով, ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդներին. «Հայ մասնագետները և շրջանավարտները աջակցություն են ստանում Վաշինգտոնում աշխատանք գտնելու համար և դրա հետ մեկտեղ ծրագիրը հնարավորություն է տալիս հայերին ներգրավվելու ազգային խնդիրների մեջ և ազգային խնդիրներն առաջ տանելու Միացյալ Նահանգների մայրաքաղաքում»: Վաշինգտոնում աշխատող երիտասարդ հայ մասնագետներով հզորանում է նաև Հայաստանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանն անցած ծրագրի եզրափակիչ միջոցառմանը հայտարարեց Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը: Նոր Հայաստանը ձեր կարիքն ունի և Ամերիկայի հայ համայնքը կամուրջ է երկու պետությունների միջև, նշեց նա. «Հայ-ամերիկյան հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, հատկապես մեր երկրի համար այս կարևորագույն շրջանում: Մեր անկախացումից հետո անցած 27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարացման ամուր աջակիցն է եղել»: Միջոցառմանը մասնակցելու համար Բոստոնից Վաշինգտոն ժամանած միջազգային հարաբերությունների ուսանող Գայանե Խալիկյանն աշխատում է ԱՄՆ-ում հիմնադրված «քույրիկներ» կայքում, որի նպատակն է աջակցել հայ կանանց իրավունքների պաշտպանությանը: «Հայ նկարիչների արվեստի գործերի օգնությամբ մենք փորձում ենք տարածել կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մեր ուղերձը: Դա մեր կարծիքով ավելի ազդեցիկ կարող է լինել»: Նման տաղանդավոր հայ երիտասարդների բազմությունն իրոք տպավորիչ և ոգեշնչող է, նշում է հանրահայտ Politico հանդեսի խմբագիր Չարլի Մահթեսյանը. «Ինձ նման մեկի համար շատ կարևոր է տեսնել, որ հաջորդ սերունդը ոտքի է կանգնում, որ այն հավատարիմ է մեր արժեքներին և որ մեր գաղափարները փոխանցվում են վստահելի ձեռքերի»:

Նմանատիպ նյութեր