1540 դիտում
15:08 13-03-2019
ՀՀ վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ակտիվ մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Այնուհետև վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի արդիականացման, Ընտրական օրենսգրքի բարելավման ուղղություններով իրականացվող բարեփոխումներին:
Համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին