211652_close_icon
views-count4896 դիտում article-date 10:52 13-03-2019

Արդյո՞ք այդ ելույթը կատարյալ էր․ Փաշինյանի ելույթի «անատոմիան»՝ ըստ Աշոտյանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, ՀՀ եւ ԱՀ ԱԽ համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը վարչապետության 10 ամիսների ընթացքում ամենահամապարփակ ելույթը ունեցավ Արցախի հարցի առնչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Այսօր մենք լսեցինք Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեւի այս ընթացքում ամենահամապարփակ ելույթը Արցախի հարցի հետ կապված։ Արդյո՞ք այդ ելույթը կատարյալ էր, իհարկե ոչ, արդյո՞ք բոլոր թեմաներն էին արծարված, իհարկե ոչ, այդուհանդերձ խոստովանենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետության 10 ամիսների ընթացքում դեռեւս նման ամփոփ ծրագրային ելույթ չէր ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված»,- նշեց նա։ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մոտեցումը Աշոտյանը համարեց ճիշտ ռազմավարական նպատակ, որը սակայն չուղեկցվեց մարտավարական ճիշտ աշխատանքով․ ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը գերագնահատեց իր եւ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության աշխարհաքաղաքական կարեւորությունը, քաշը, եւ այս փուլում այդ մոտեցումը չգործեց։ Այդուհանդերձ, Աշոտյանի խոսքով, Փաշինյանն այսօր փորձեց համադրել իր՝ որպես քաղաքական գործչի տված խոստումները եւ վարչապետական պատասխանատվությունը․ «Խոստովանենք, որ այս սինթեզը կարող է այս փուլում աշխատել՝ որպես նախերգանք Փաշինյան-Ալիեւ գալիք հանդիպման»,- ասաց Աշոտյանը։ Ելույթի երկրոդ մասը, ըստ Աշոտյանի, բավականին ընդունելի եւ ընկալելի էր, քանի որ Փաշինյանը «փաստացի առաջին անգամ անդրադարձավ նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի եւ էդվարդ Նալբանդյանի կողմից բանակցված հիմնարար սկզբունքներին եւ չհրաժարվեց դրանցից, որը շատ կարեւոր մեխ է»։ Նա նշեց, որ Փաշինյանի շեշտադրումները ճիշտ էին եւ ունիվերսալ, որովհետեւ կարեւոր է, որ այդ սկզբունքները շարունակվեն դետալիզացվել․ «Այսօր այդ շեշտադրումների եւ դետալների շուրջ բանակցելու քաղաքական որոշման մասին ազդարարեց Նիկոլ Փաշինյանը»,- ասաց Աշոտյանը։ Փաշինյանի կողմից այդ սկզբունքերի ընդունումը, ըստ նրա, նաեւ ապացույց է այն բանի, որ նախորդ իշխանությունները չեն բանակցել հողեր հանձնելու շուրջ․ «Ուզում եմ հիշեցնել, որ իմ պատգամավոր եղած ժամանակ առիթ եմ ունեցել հարց ուղղելու Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի հարցի հետ կապված, եւ ստացել եմ պատասխան, որին հակասում է այսօրվա Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ինձ ի պատասխան ասաց, որ ձեր իշխանությունները բանակցում էին բացառապես հող հանձնելու մասին»,- ասաց նա։ Ելույթի երրորդ բաղադրիչը խաղաղության նախապատրաստման մասին, ըստ Աշոտյանի, ավելի շուտ որոշակի տուրք է քաղաքական բառապաշարային մոդային, քան իրականություն, որովհետեւ «այդպիսի գործողություններ հնարավոր են, եթե երեք կողմերը հասկանան, թե այդ խաղաղությունը ինչպիսին է լինելու, հնարավոր չէ հասարակություններին պատրաստել խաղաղության, եթե հասարակությունները չգիտեն խաղաղության վերջնական բանաձեւը ինչպիսին է լինելու»։ Աշոտյանը ընդգծեց, որ Հայաստանի եւ Արցախի այսօրվա համատեղ հաղորդագրության մեջ Վիեննայի, Սանկտ Պետերգուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները վերադարձան Հայաստանի կողմից առաջ մղվող բանակցային օրակարգ։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Հայաստանի իշխանությունը պետք է պատրաստ լինի ռազմական սցենարի, այսպես կոչված՝ ապրիլ-2 սցենարին, նաեւ պետք է ավարտին հասցնի Արցախի հետ ռազմաքաղական դաշինքի մշակումը։ ՀՀԿ փոխնախագահը նաեւ խոսեց ազգային կոնսոլիդացման անհրաժեշտության մասին, քանի որ նրա խոսքով՝ եթե Փաշինյանը տապալի դիվանգիտական մարտը, ապա ամբողջ երկիրը կտուժի, հետեւաբար իշխանությունները պետք է սովորեն աշխատել ընդդիմության հետ եւ երկրի ներսում վերացնեն բաժանարար գծերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր