211652_close_icon
views-count1214 դիտում article-date 23:04 12-03-2019

Հայաստանը զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները

Մարտի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանն ընդունեց ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչների խումբին ՝ բաղկացած 8 հոգանոց անձնակազմից, որի ղեկավարն է Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) հակազդման, քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման և կառավարման գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ռենդի Քոթին: Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) աղետների արձագանքման վերաբերյալ ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողությունները քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային զենքի կիրառմամբ միջադեպերին արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով Հայաստանին աջակցելու պատրաստակամության համար՝ ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը նշեց, որ ԱԻՆ անձնակազմը շատ ուրախ է և պատրաստ կյանքի կոչելու դեռևս նախորդ տարվա հանդիպման ընթացքում նախանշված ուղղություններն ու ծրագրերը: ՓԾ տնօրենը կարևորեց ԱՄՆ հարուստ փորձի ներդրման հնարավորությունները Հայաստանում: Ռ. Քոթին նշեց, որ ամերիկյան կողմի նպատակն է վերապատրաստել, սարքավորումներով ապահովել և զարգացնել Հայաստանի՝ ՔԿՃՄ արձագանքման հատուկ հմտությունները, որոնք կհզորացնեն պետության արձագանքման կարողություններն այս բնագավառում՝ ռազմավարական, օպերատիվ և մարտավարական առումներով: Ծրագիրը կտևի 3-5 տարի՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կարողությունները: Նախքան սկզբնական դասընթացների իրականացումը և սարքավորումներով ապահովումը ԱՄՆ ներկայացուցիչները կուսումնասիրեն ՀՀ պահանջները և առաջնահերթ խնդիրները: «Այս վերլուծության հիման վրա կորոշվի, թե ԱՄՆ-ը և Հայաստանը երկրում ՔԿՃՄ արձագանքման կարողությունները հզորացնելու ուղղությամբ համատեղ ինչ հնարավորություններ ունեն», - ասաց Ռ. Քոթին: Որպես ծրագրի վերջնական արդյունք՝ նախանշվում է, որ Հայաստանը պետք է զարգացնի ԶՈԶ/ՔԿՃՄ միջադեպերի կառավարման և արձագանքման կարողությունները ու այս բնագավառում ունենա հաստատուն և կայուն համակարգ: Այս ծրագիրի իրագործման շնորհիվ Հայաստանի կառավարությունը կկարողանա բավարարել ՔԿՃՄ միջադեպերի արձագանքման ու հետևանքների կառավարման ուղղությամբ առկա կարիքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր