211652_close_icon
views-count2647 դիտում article-date 19:30 12-03-2019

«Ադրբեջանը կեղծում է պատմությունը և շրջանառության մեջ է դնում հակահայկական քարոզչությունը»․ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի հոդվածը La Verita օրաթերթում

Լեռնային Ղարաբաղի խնդիրը սկիզբ է առել ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժային քաղաքականություն որդեգրելու արդյունքում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան։ Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ ցույցերին արձագանքեցին ադրբեջանական քաղաքների հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Յուրաքանչյուր տարի փետրվարի վերջին համայն հայությունը ոգեկոչում է Սումգայիթ քաղաքում 1988թ ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակը։ Ողբերգությունից մի քանի ամիս անց՝ 1988թ. հուլիսի 7-ին, Եվրոպական խորհրդարանը Սումգայիթի կոտորածի առիթով ընդունեց բանաձև՝ տեղի ունեցածը որակելով որպես հայերի ջարդեր։ Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառումների միջազգային հնչեղությունը ստվերելու նպատակով Ադրբեջանը շահարկման առարկա է դարձրել նաև Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1992թ. Խոջալուի բնակչության հետ տեղի ունեցած ողբերգությունը։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հայկական զինված ուժերը հարձակվել են ադրբեջանական Խոջալու բնակավայրի վրա, որտեղ սպանվել են քաղաքացիական անձինք։ Դրանով Ադրբեջանը փորձում է խուսափել պատասխանատվությունից իր իսկ կողմից իրականացված հայերի կոտորածների համար ոչ միայն Սումգայիթում, այլև Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և ադրբեջանական այլ քաղաքներում։ Իրականում Խոջալուի բնակիչները, օգտվելով հայերի կողմից տրամադրված մարդասիրական միջանցքից, հեռացան այդ ժամանակ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջան, որտեղ և սպանվեցին։ Այս ամենն ապացուցված է հենց ադրբեջանական սկզբնաղբյուրներով, ականատեսների, բազմաթիվ լրագրողների վկայություններով։ Այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո հենց Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույցում ներկայացրեց փաստեր այն մասին, որ Խոջալուի բնակիչների զոհվելու մեջ մեղավոր են ոչ թե հայկական, այլ ադրբեջանական զինված խմբավորումները՝ Ադրբեջանում իշխանության համար մղվող ներքին պայքարի համատեքստում։ Մասնավորապես՝ Նեզավիսիմայա գազետա պարբերականին 1992թ․ ապրիլի 2-ին տված հարցազրույցում նա ասել է․«... միջանցքը, որով մարդիկ կարող էին դուրս գալ, հայերը թողել էին: Այդ դեպքում իրենց ինչի՞ն էր պետք կրակելը, առավել ևս Աղդամին մոտ տարածքում, որտեղ այն ժամանակ բավարար ուժ կար դուրս գալու և մարդկանց օգնելու համար»։ Բռնությունների մասին շինծու մեղադրանքներ տարածելով` Ադրբեջանը փորձում է արդարացնել իրենց կեղծիքն այն մասին, թե իբր հայերը ոչ թե զոհն են, այլ կոտորածներ իրականացնողները։ Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հակահայկական քարոզչություն են իրականացնում, ռադիկալացնում են իրենց հասարակությանը՝ փորձելով այն միավորել, այսպես կոչված, թշնամու դեմ պայքարում։ Դրա վառ վկայությունն է նաև 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած քառօրյա պատերազմը, որին մարդու իրավունքների նորմերի կոպիտ ոտնահարմամբ զոհ գնացին ,Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներ։ Սա խոսում է այն մասին, որ սումգայիթյան ոգով ոճրագործությունները Ադրբեջանի իշխանությունների քաղաքականության անբաժան մասն են։ Եվ կարևոր է նշել, որ ԼՂ հակամարտությունը ամենևին տարածքային վեճի մասին չէ, այլև այնտեղ ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է։ Ադրբեջանը, ամբողջությամբ խեղաթյուրելով Ղարաբաղյան խնդրի էությունը և հակամարտության ծավալման պատճառները, շարունակաբար փորձում է ներկայացնել խնդիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, մոտեցում, որը խոչընդոտում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդների ջանքերին: Իր հայատյաց հռետորաբանության և քարոզչության համար Ադրբեջանը օգտագործում է նաև միջազգային հարթակներ, տարբեր պետությունների խորհրդարանների ամբիոններ, ինչը, սակայն, որևէ կերպ չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հիման վրա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտապես նշում են փոխվստահության միջոցների հաստատման, ժողովուրդների միջև ատելություն և թշնամանք սերմանող պետական քարոզչությունից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու հրամայականի մասին։ Տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար կարևոր է ժողովուրդներին պատրաստել խաղաղության և ոչ պատերազմի։

Նմանատիպ նյութեր