211652_close_icon
views-count829 դիտում article-date 15:41 12-03-2019

Տաշիր քաղաքի Մշակույթի տան և թիվ 3 նախադպրոցական ուսհաստատության տնօրենները մասամբ վերականգնել են առերևույթ յուրացմամբ համայնքին պատճառված վնասը. քրգործերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» և «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ներում պաշտոնատար անձանց կողմից յուրացման եղանակով խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննված երկու քրեական գործերի նախաքննությունը: Քրեական գործերով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ տնօրեն Մ. Ս.-ն և «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-ն հիշյալ կազմակերպություններում մի դեպքում որպես հավաքարար, մյուս դեպքում 0.5 դրույքով որպես խոհարարի օգնական և բուժքույր, աշխատանքի են ընդունել Տաշիր քաղաքի բնակչուհիների, ովքեր, սակայն, տարբեր ժամանակահատվածներում կամ պատշաճ, կամ ընդհանրապես աշխատանքի չեն հաճախել: Նման պայմաններում, ՀՈԱԿ-ների տնօրենները նրանց աշխատանքային ամբողջ ժամանակահատվածներում յուրաքանչյուր ամիս կազմել են աշխատանքի հաճախելիության վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր՝ դրանցում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելով աշխատակիցների կողմից իբր պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու և իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու վերաբերյալ: Դրանց հիման վրա տվյալ անձանց անվամբ որպես աշխատավարձ ՀՀ Տաշիր համանքի բյուջեից ելքագրվել են գումարներ, որոնց մի մասը տնօրենները վճարել են նրանց, իսկ ապօրինի ելքագրված գումարի մնացած մասն անձամբ ստանալով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել են։ Նշված ենթադրյալ հանցավոր արարքների արդյունքում «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ տնօրեն Մ. Ս.-ի կողմից համայնքային բյուջեից առերևույթ յուրացվել է խոշոր չափերով 2.927.797 ՀՀ դրամ, իսկ «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-ի կողմից՝ ընդհանուր 644.711 ՀՀ դրամ: Նկարագրված արարքները կատարելու համար երկու ուսումնական հաստատությունների տնօրեններին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեա¬կան օրենսգրքի 179-րդ հոդ¬վա¬ծի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննության ընթացքում «Տաշիր քաղաքի Մշակույթի տուն» ՀՈԱԿ տնօրեն Մ. Ս.-ն համայնքին պատճառած վնասից վերականգնել է 1.500.000 ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչև դատաքննությունն սկսելը ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասի մնացած մասը: Իսկ «Տաշիր քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ տնօրեն Ց. Պ.-ն նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վնասը: Քրեական գործերով մեղադրական եզրակացությունները հաստատվել են դրանց նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործերի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր