211652_close_icon
views-count1864 դիտում article-date 09:25 12-03-2019

Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ, որտեղ այսօր կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Թեև նիստի օրակարգի մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ նման շտապ միջոցառման անհրաժեշտություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ այդ հայտարարությամբ Մինսկի խմբի համանախագահները՝ ոչ հասցեական, սակայն պատասխանել էին Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ դրանք որակելով՝ որպես բանակցային ձևաչափը միակողմանիորեն փոխելու անթույլատրելի փորձեր։ Այդ հայտարարությունից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտնվել է, ըստ էության, փակուղային վիճակում։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հրաժարվել Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու իր իսկ հայտարարությունից, մյուս կողմից՝ չի կարող ուղղակի մասնակցել բանակցությունների, որոնց ընթացքում չի քննարկվելու Արցախի մասնակցության հարցը։ Այս հարցերի համախումբն է Նիկոլ Փաշինյանին ստիպել Անվտանգության խորհրդի արտագնա ու արտահերթ նիստ անցկացնել Արցախում։ Ի՞նչ ուղերձ կհղվի Ադրբեջանին ու համանախագահող երկրներին այդ նիստի արդյունքներով, պարզ կդառնա այսօր։ Մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ սա փորձ է Ալիևի հետ հանդիպումից առաջ որոշակի տպավորություն թողնելու, որ Արցախն անուղղակիորեն մասնակցում է բանակցային գործընթացին, և այդպիսով հիմնավորելու Ալիեւի հետ հանդիպումը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր