211652_close_icon
views-count6213 դիտում article-date 16:26 11-03-2019

Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ. Շարմազանով

Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված: Երբ Ալիեւն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սեւերի ու սպիտակների: Ալիեւը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից: Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն: Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երեւանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից: Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում: Ահազանգում էի, երբ Ալիեւն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր: Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիեւը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը: Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատների արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է: Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով: Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ:

Նմանատիպ նյութեր