211652_close_icon
views-count4186 դիտում article-date 23:16 10-03-2019

Սուլշերի «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում առաջին պարտությունը կրեց «Արսենալից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Խաղի մրցաշարային նշանակությունը հսկայական էր, հատկապես այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարող «Տոտենհեմը» պարտվեց, իսկ «Չելսին» սեփական հարկ տակ հազիվ ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ՝ 1:1: «Արսենալը» օրերս Եվրոպայի լիգայում պարտվել էր ֆրանսիական «Ռենին»՝ 1:3, և երկրպագուներին մտադիր էր ուրախացնել: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա Օլե-Գունար Սուլշերի գալուց հետո թիմը ապշեցուցիչ կերպով կերպարանափոխվել էր, ոչ մի պարտություն չէր կրել ԱՊԼ-ում, դե, իսկ ՊՍԺ-ի նկատմամբ Փարիզում տարած հաղթանակը (3:1) ընդհանրապես ֆուտբոլի պատմության մեջ կմնա: Արդյունքում երկու սկզբունքային մրցակիցների հանդիպումը ստացվեց բավական դիտարժան և բարձրակարգ: Երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի նշանաբանով: Առաջինը հաջողության հասավ «Արսենալ». Գրանիտ Ջակայի հեռահար հարվածից հետո գնդակը փոխեց ուղղությունը և անակնկալի բերեց Դավիդ դե Խեային՝ 1:0: Մանկունյանցիների բախտն այս խաղում ընդհանրապես չբերեց. թիմը մի քանի հրաշալի պահ ստեղծեց, սակայն երկու անգամ լոնդոնցիներին փրկեց դարպասաձողը, մի քանի անգամ գերազանց խաղաց Բերնդ Լենոն: Իսկ ահա երկրորդ խաղակեսում հանդիպման թերևս լավագույն խաղացող Ալեքսանդր Լյակազետը 11մ. հարվածի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Օբամեյանգը՝ 2:0: Դրանից հետո խաղն ավարտված էր. «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս ուժ չուներ խաղում բեկում մտցնելու համար: «Արսենալը» չափազանց կարևոր և նշանակալից հաղթանակ տարավ: Նախ, սա Սուլշերի օրոք «Մանչեսթեր Յունայեթեդի» առաջին պարտությունն էր ԱՊԼ-ում: Բացի այդ, սա Ունաի Էմերիի առաջին հաղթանակն էր որպես մարզիչ՝ մանկունյանցիների նկատմամբ: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 60 միավորով բարձրացավ 4-րդ տեղ և ընդամենը 1 միավոր է զիջում «Տոտենհեմին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով 5-րդն է, իսկ «Չելսին» ունի 57 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջինս, ինչպես պարզվեց, մեջքի հետ կապված ցավեր է ունեցել և Էմերին որոշել էր խաղին չհայտավորել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր