211652_close_icon
views-count2293 դիտում article-date 18:29 10-03-2019

Միհրան Հակոբյան. Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Ցանկացած ռեֆորմ պետք է լինի ճիշտ ժամանակին: Պետական ապարատում միգուցե և ուռճացվածություն կա: Սակայն չկա նպատակների և գործողությունների համակարգային ուսումնասիրություն, որը թույլ կտար ռացիոնալ գնահատական տալ` որքանո՞վ է ուռճացված պետական ապարատը: Բայց սա առանձին քննարկման թեմա է: Եթե գլոբալ առումով կրճատումների խնդիրը վիճելի է սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա տարածքային կառավարման համակարգում կրճատումներն ուղղակի հարվածի տակ են դնում երկրի պաշտպանունակությունը: Հիշեցնեմ, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում իշխանության գործողությունները, մեղմ ասած, առանձնապես չեն փայլում, իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը: Հենց այս պատճառով է, որ տարածքային կառավարման համակարգում, մասնավորապես` մարզպետարանների աշխատակազմերը 30-40 տոկոսով կրճատելու հարցը վերանայում է պահանջում: Տարածքային կառավարման համակարգը բանակի թիկունքն է, պատերազմի ժամանակ մարզպետարաններն ու տարածքային կառավարման այլ հարակից հաստատություններն են ստանձնելու թիկունքային ապահովման գործողությունների կարևորագույն գործառույթները` սկսած զորահավաքին աջակցելուց, վերջացրած ինժեներական աշխատանքների ու մատակարարման հետ կապված խնդիրներով: Այլ կերպ ասած` թիկունքի օպերատիվ կառավարման գործողությունների ողջ լոգիստիկան ուղղակիորեն կապված է տարածքային կառավարման համակարգի հետ: Այս հարցում սխալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Կրճատումների ծրագիրը ներկայացրած փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը միգուցե և լավ են հասկանում ֆինանսներից, բայց հավատացեք, նրանք ոչինչ չեն հասկանում պատերազմից և պատերազմական ժամանակ բանակի թիկունքային ապահովման լոգիստիկայի կառուցվածքային նրբություններից: Սովորական աքսիոմա է` թիկունքում խնդիրներ եղան, ճակատը երկար չի դիմանալու: Ուստի հրամայական է, որ տարածքային կառավարման համակարգում կրճատումների հարցը լրիվ առանձին քննարկվի` խնդիրը դիտարկելով պաշտպանական համակարգի և պատերազմի դեպքում թիկունքի օպերատիվ կառավարման խնդիրների համատեքստում: Անպայման խորհրդակցեք Պաշտպանության նախարարության հետ, Գլխավոր շտաբի հետ: ԱԱԽ-ի հետ մի խորհրդակցեք, իմաստ չկա»:

Նմանատիպ նյութեր