211652_close_icon
views-count2919 դիտում article-date 23:10 09-03-2019

Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն

Վազգեն Թևանյանը (65 կգ) հռչակվեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։ Մարտի 9-ին կայացած եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ և հաղթեց 2:1 հաշվով: Բոլոր միավորները գրանցվեցին առաջին մրցափուլում: 2018թ․ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Վազգեն Թևանյանը նախօրեին պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ ևս 2 ներկայացուցիչ՝ Վաղինակ Մաթևոյանը (57 կգ) և Գևորգ Մխեյանը (70 կգ), որոնք հաջող հանդես չէին եկել: Մարտի 9-ին պայքարի մեջ էին մտել Հայաստանի ներկայացուցիչներ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ): Ամենահաջողը հանդես էր եկել Խաչատուր Պապիկյանը, ով 2 հաղթանակներից հետո դուրս եկավ կիսաեզրափակիչ և ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Հրաչյա Մարգարյանը, Հովհաննես Մխիթարյանը և Սարգիս Հովսեփյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում և լքել պայքարը: Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:

Նմանատիպ նյութեր