211652_close_icon
views-count1819 դիտում article-date 12:04 09-03-2019

Զգույշ քայլիր… համացանցում. theanalyticon.com

Վերնագիրը պատահական չենք ընտրել. ժամանակակից տեղեկատվական հոսքերի պայմաններում համացանցում մոլորվելու կամ, ասենք, «կրետաբույնը բզբզելու» հավանականությունը խիստ մեծացել է, [url=http://theanalyticon.com/?p=12192&fbclid=IwAR3c4RJ8CYTkOLM2xwtVHaixfxnzlPsef21fBP8sxUOFjLRwrzrAHV3ts98]theanalyticon.com[/url]-ը ներկայացնում է մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանի հարցազրույցը.. Վերջերս ուսանողուհիներիցս մեկը որոշեց պրակտիկա անցնել մինչ այդ ինձ անհայտ կայքերից մեկում: Հետաքրքրության համար բացեցի այդ կայքը և այդտեղ համարյա ոչ մի նորմալ սեփական նյութ չգտա. այսուայնտեղից թխած տեղեկություններ, շատ հաճախ՝ առանց սկզբնաղբյուրին հղումի։ Եվ ամենազարմանալի (ավելի ճիշտ՝ ինձ համար այնքան էլ ոչ զարմանալի, այլ վաղուց հայտնի) մանիպուլյացիան այդ կայքում. ամեն լուրի տակ ցույց էր տրվում մի քանի տասնյակ հազար դիտում։ Ավելին, հետաքրքրության համար նայեցի՝ մի այլ տեղեկատվական կայքից արտատպված նյութը (բարեբախտաբար, թե պատահաբար այս մի նյութը հղումով էին արտատպել) 4 անգամ ավելի շատ «դիտում» էր ունեցել, քան սկզբնաղբյուրում, որից թխել էին: Վստահ եմ ու համոզված, որ դրանք արհեստական թվեր են, որովհետև հայկական ամենահեղինակավոր կայքերի ամենահետաքրքիր նյութերն անգամ այդքան դիտում չեն ապահովում։ Հնարավո՞ր է ապացուցել այս մանիպուլյացիան. դժվարանում ենք ասել, երևի կպատասխանեն տեխնիկական հնարավորությունների մասնագետները։ Բնական է և հաստատ խիստ հավանական, որ նման կայքերում ընթերցողը կմոլորվի (եթե այցելի, իհարկե)՝ արտատպություններում մեծ թիվ կազմող ամեն տեսակ «սենսացիաների» սարդոստայնում: Սակայն, մինչ մանիպուլյացիաներով ընթերցող գրավելու և նրան մոլորեցնելու խնդրի մասին խոսելը, ուզում ենք մի քանի մտահոգություններ ներկայացնել: Առաջին մտահոգությունը՝ համացանցի բուռն զարգացման պայմաններում՝ լեզվի նկատմամբ քամահրական վերաբերմունքն է: Համացանցային ԶԼՄ-ներից վերացել են (ավելի շուտ՝ երբեք էլ չեն եղել) սրբագրիչները, իսկ խմբագրի գործառույթը դարձել է միայն խմբագրության աշխատանքի կազմակերպումը: Ի հետևանք՝ լրատվական տեքստի վրա աշխատող չկա, և թղթակցի գրածը, կամ արտասահմանյան աղբյուրներից թարգմանածը համարյա անփոփոխ հայտնվում է կայքում՝ տառասխալներով, ոճական անհարթություններով և այլն: Կայքերի սեփականատերերը քիչ թե շատ օտար լեզու իմացող, բայց հայերենին լավ չտիրապետող, ցածր վարձատրության համաձայնող աշխատող են գտնում, որը անգլերեն կամ ռուսերեն տեքստը ոչ թե թարգմանում է, այլ պատճենում, և ստացվում է, օրինակ, այսպիսի վերնագիր՝ «Սոչիում Պուտինը, Լուկաշենկոն եւ նրա որդի Նիկոլայը նույն թիմի կազմում սառույց են դուրս եկել»… Թագմանիչը չգիտի, որ «սառույց են դուրս եկել»-ը հայերենին խորթ է, որ «Вышли на лед»-ը հայերեն նշանակում է հոկեյ են խաղացել: Հոդվածի տեքստում էլ մի քանի անգամ անհարկի կրկնում է նույնը: Մենք կարող ենք այստեղ մեջբերել բազմաթիվ նման օրինակներ, բայց բավարարվենք միայն մտահոգություն հայտնելով, որովհետև համացանացային լրատվամիջոցների լեզուն մի առանձին մեծ հոդվածի նյութ է։ Մեր երկրորդ մտահոգությունը. ըստ «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է տպագիր կամ ցանցային լրատվամիջոց հիմնել «առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման» («Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք, հոդված 4) և գործել ազատորեն: 2003 թվականին ընդունված այս օրենքը բավականին ազատականացրել է դաշտը: Վերջին տասը-տասներկու տարում, երբ Հայաստանում համացանցը բուռն զարգացում ապրեց, նաև նպաստել է տեղեկատվական կայքերի անասելի չափով ավելացմանը: Ընդ որում, հաճախ, շատ հաճախ լրատվամիջոցի հավակնող այդ կայքերը ոչ հասցե ունեն, ոչ նորմալ կոնտակտային տեղեկություններ, ոչ էլ հայտնի է, թե ով է հիմնադիրը (օրենքի լեզվով ասած՝ «լրատվական գործունեություն իրականացնողը»), ով՝ բովանդակության պատասխանատուն: Եվ երբ նման մի կայքում որևէ ոչ ստույգ տեղեկություն է հրապարակվում կամ, ասենք, նյութում զրպարտություն կամ վիրավորանք է նկատվում, ապա տուժած մարդը չի կարողանում գտնել մեկին, որին պետք է պատասխանատվության կանչել կամ որից կարող է հերքում կամ պատասխանի հրապարակում պահանջել: Սակայն այդ կայքերն ու նրանց աշխատակիցները հավակնում են ունենալ նույն արտոնություններն ու հնարավորությունները, որ ունեն իրենց ելքային տվյալները հրապարակող ավանդական լրատվամիջոցները. այսինքն՝ հավատարմագրեն իրենց լրագրողներին պետական մարմիններում կամ ընտրությունների ժամանակ, իբրև հանրային գործունեություն ծավալող պաշտպանված լինեն և այլն: Արդ, վաղուց ժամանակն է նման կայքերին հրավիրել տպագիր և հեռարձակվող ԶԼՄ-ների հետ միևնույն դաշտ. այսինքն օրենսդրորեն սահմանել, որ եթե նրանք ուզում են ունենալ նույն հնարավորությունները, ապա թող ներկայացնեն իրենց ելքային տվյալներն ու թողարկման պատասխանատուի անունը: Ավելին՝ տարեկան մեկ անգամ ներկայացնեն իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես պահանջում է նույն օրենքը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://theanalyticon.com/?p=12192&fbclid=IwAR3c4RJ8CYTkOLM2xwtVHaixfxnzlPsef21fBP8sxUOFjLRwrzrAHV3ts98]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր