211652_close_icon
views-count2027 դիտում article-date 11:17 08-03-2019

Կնոջ հայկական ընկալումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կանանց մասին կարելի է անվերջ գրել՝ չափածո և արձակ, հոդվածներ և վեպեր: Կանայք տարբեր են աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր է նաև նրանց ընկալումը: Մենք՝ հայերս, արտառոց ենք համարում, երբ ամերիկուհին թույլ չի տալիս, որ տղամարդն իր համար վերարկու պահի կամ իր առջև դուռ բացի՝ համարելով, որ այդպիսով ընդգծվում է իր՝ «թույլ սեռին» պատկանելու փաստը: Մինչդեռ կանայք, այդ ամերիկուհու ընկալմամբ, ոչ մի բանով չպիտի տարբերվեն տղամարդկանցից: (Հավանաբար, այդ մոտեցումը Կլարա Ցետկինի սրտով կլիներ): Մեզ համար անսովոր է նաև, երբ Արևելքում տղամարդն իր կանանց ու երեխաներին մի 3-4 քայլ «հետ քցած», հպարտորեն առաջ է քայլում՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ են անում իր ընտանիքի անդամները: Բայց այստեղ զարմանալու կամ, առավել ևս, հեգնելու ոչ մի կարիք չկա՝ ամեն մի ազգ կամ տարածաշրջան ունի իր մշակույթը, այդ թվում՝ կնոջ դերի իր ընկալումը: Ասել, որ այս մշակույթը լավն է և ճիշտը, իսկ այս մեկը՝ սխալ է՝ պարզապես տգիտության դրսևորում կլիներ: Մենք՝ հայերս, ունենք կնոջ մեր ընկալումը: Կարելի է ասել, որ մենք ընտրել ենք «միջին ճանապարհը», զերծ մնալով ծայրահեղ «էմանսիպացիայից» և նույնքան արմատական «ստորադասությունից»: Երբ հայ քահանան եկեղեցում հարցնում է մեզ՝ տղամարդկանց՝ «տե՞ր ես», իսկ մեր ապագա կողակցին՝ «հնազա՞նդ ես», նա ամենևին նկատի չունի «ստրկատեր-ստրուկ» հարաբերությունները: Նա, իմ ընկալմամբ, հարցնում է՝ «արդյոք դու կարո՞ղ ես տեր կանգնել, պատասխանատվություն կրել քո ընտանիքի համար», իսկ կնոջը՝ «արդյոք դու պատրա՞ստ ես կրել այդ ընտանիքի հոգսերը»: Ի դեպ, հնազանդության, հեզության մեջ չկա թուլության կամ հարմարվողականության որևէ երանգ, դա պարզապես նշանակում է, որ դու ընդունում ես, որ ամեն ինչ աշխարհում կատարվում է ոչ թե տարերային քաոսի, այլ որոշակի օրինաչափությունների հիման վրա, և ամեն մեկիս կամքից, ջանքերից է կախված՝ ինչպես օգտագործել այդ օրինաչափությունները՝ ի նպա՞ստ, թե՞ ի վնաս մեզ ու մեր շրջապատի: Աշխարհի այդպիսի օրինաչափություններից է կնոջ և տղամարդու սերը՝ այդ բառի ֆիզիկական և հոգևոր իմաստներով: Այդ սերն է դառնում ընտանիքի, զավակներ ունենալու հիմքը: Անձամբ ինձ համար դա շատ կարևոր է դարձել. ես պատկերացնում եմ ամեն մի զույգի սերը որպես մի լուսավոր կենտրոն, որից ճառագայթների նման դրական ազդակները գնում են դեպի տիեզերք և այնտեղից սփռվում են ամբողջ մարդկության վրա: Գուցե իմ այս պատկերացումը հակասում է գիտության տվյալներին: Բայց ո՞վ ասաց, որ մարտի 8-ին պետք է գիտականորեն ապացուցված բաներ գրել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր