211652_close_icon
views-count1318 դիտում article-date 16:25 07-03-2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում արժեքավոր է մյուսների համար․ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականը Ժնևում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԵԱՀԿԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը և այլն)։ Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում՝ ներկայացնելով ընտրությունների ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը։ Պաշտպանի ելույթից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բարձրաստիճան ներկայացուցիչը նիստի ընթացքում նրան ներկայացրել է որպես վստահելի գործընկեր։ «Ընտրություններից առաջ ստեղծվում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ ընտրությունների օրը Պաշտպանի կենտրոնական և մարզային գրասենյակներն աշխատում են վաղ առավոտից 24 ժամ ռեժիմով՝ ապահովելով Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը: Ավելին, աշխատանքային խմբի ներկայացուցիչներ են գործուղվում այն մարզեր, որտեղ չունենք մարզային ստորաբաժանումներ՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով։ Պահպանվում է մշտական կապ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների հետ» ,- նշել է Արման Թաթոյանը։ Ըստ Արման Թաթոյանի՝ մշտապես առանձին ուշադրության առարկա են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը։ Հավաքների դեպքում իրականացվում է մշտական դիտարկում, հատուկ քննարկման են արժանանում մասնակիցների իրավունքներին առնչվող բողոքները։ Իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ հնարավոր բերման ենթարկելու կամ ձերբակալման դեպքերում։ Պաշտպանի խոսքով՝ քարոզարշավի ողջ ընթացքում և ընտրությունների օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրություններից կախված՝ աշխատանքները շարունակվում են նաև հետընտրական փուլում։ Հաշվի առնելով ընտրությունների ընթացքում աշխատանքի զգայունությունը՝ այն անհրաժեշտ է կատարել բարձր հանրային թափանցիկության պայմաններում։

Նմանատիպ նյութեր