211652_close_icon
views-count1521 դիտում article-date 22:50 06-03-2019

Բուխարեստում նշվել է Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը

Մարտի 4-ին Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրվան նվիրված միջոցառումներ: Առավոտյան Բուխարեստի հայկական գերեզմանատանը ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ կատարվեց ծես՝ ի հիշատակ Ռումինիայում Հայաստանի առաջին Հանրապետության գլխավոր հյուպատոս (1918-1924թթ.) Ռումինիայի Հայոց Միության հիմնադիր նախագահ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Հարություն Խնդիրյանի (1870-1959թթ.): Այնուհետ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից տեղի ունեցավ հուշապսակների զետեղման արարողություն, որին ներկա էին Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի ԱԳՆ ներկայացուցիչ Դոռու Լիչիուն, Ռումինահայոց թեմի հոգևոր դասի և համայնքի ներկայացուցիչներ: Երեկոյան ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն (Dan Neculăescu): Ողջունելով և շնորհակալություն հայտնելով ներկաներին` դեսպան Մինասյանը խոսեց ՀՀ Դիվանագետի օրվա խորհրդի, տեղի ունեցած հիշատակի արարողության, ինչպես նաև հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների գրանցած առաջընթացի և ապագա հեռանկարների մասին: Օգտվելով առիթից` դեսպանը շնորհավորեց նաև Ռումինահայոց միության անդամներին 100-ամյա հոբելյանի առթիվ և մաղթեց երկարատև արգասաբեր գործունեություն իրենց ազգանվեր հայապահպան առաքելության ընթացքում: Շնորհավորելով Հայաստանի Դիվանագետի օրվա կապակցությամբ, պետքարտուղար Նեկուլաեսկուն մասնավորապես նշեց. «Օրն այս տարի խորհրդանշական է, քանի որ փոխկապակցված է նաև Ռումինիայի հայերի միության 100-ամյակի միջոցառումների հետ: 100 տարի առաջ Հարություն Խնդիրյանը, հիմնադրելով Ռումինիայի հայերի միությունը նպատակ էր ունեցել օգնություն տրամադրել 1914-1918թթ. ողբերգական իրադարձությունների պատճառով Ռումինիայում ապաստան գտած հայերին»: Շարունակելով խոսքը, պետքարտուղար Նեկուլաեսկուն նշեց, որ որպես ԵՄ անդամ պետություն Ռումինիան սատարում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: Դ. Նեկուլաեսկուն անդրադարձավ նաև Երևանում վերջերս տեղի ունեցած դրական փոփոխություններին` հայտնելով իր համոզմունքն առ այն, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրով բացված նոր հնարավորությունների հետ միասին վերելք է ապրելու նաև Ռումինիա-Հայաստան երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում նա նաև կարևորեց ս.թ. ապրիլի 3-ին մեկնարկող Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը՝ ռումինական TAROM ազգային ավիափոխադրողի կողմից: Ընդունելությանը մասնակցեցին Ռումինիայի ԱԳՆ և պետական այլ գերատեսչությունների ու մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջացառումը լուսաբանվեց ռումինական TVR հանրային հեռուստաընկերության կողմից:

Նմանատիպ նյութեր