211652_close_icon
views-count1766 դիտում article-date 10:48 05-03-2019

Լուրջ խնդիրներ՝ ՆԱՏՕ-ի հետ․ ինչո՞ւ է գալիս Ջեյմս Ապաթուրայը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Թեպետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը յուրաքանչյուր առիթով փորձում է հասարակությանը հավաստիացնել, որ փայլուն են արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները, այդուհանդերձ, կարծես թե ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Մեր տեղեկություններով՝ մասնավորա­պես վտանգված է Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) հետա­գա համագործակցությունը, որովհետև հեղափոխական նոր իշխանություն­ների ջանքերով, որքան էլ որ նրանք հակառակը պնդեն, հարթ չեն ընթանում հայ-ռուսական հարաբերությունները, և դրա հետևանքով, ըստ էության, ավելորդ զգուշավորություն ցուցաբերելով չեն կարողանում պատշաճ կերպով կառուցել ու շարունակել եվրոպական և ատլանտյան կառույցների հետ հարաբերությունները: Փաստորեն, Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի կիրարկման և վավերացման տեղում դոփելը խնդրի ընդամենը մեկ մասն է: Ինչպես փաստում են մեր աղբյուրները, առավել լուրջ են խնդիրները ՆԱՏՕ-ի հետ: Խնդիրն այն է, որ Հայաստանն առաջին անգամ 2005թ. ստորագրել և 2006 թվականից սկսել է կյան­քի կոչել «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP-lnUivklual partnership action plan) ծրագիրը: Այս տարի լրանում է նման գործողությունների 5-րդ ծրագրի 5-րդ IPAP-ի ժամկետը, որն ուժի մեջ է մտել 2017թ. և փաստորեն ավարտվում է 2019թ.-ին: Նախորդ իշխանությունների օրոք գործընթաց էր սկսված գործողությունների 6-րդ ծրագրի աշխատանքների նախապատրաստության ուղղությամբ, սակայն մեզ հայտնի դարձավ, որ համաձայնագիրը և այդ IPAP ծրագրի մեջ Հայաստանի ներգրավու­մը հարցականի տակ են դրվել Հայաստանի Կառավարության կողմից: Անհասկանալի է, թե որ գերատեսչության պատճառով է արգելակվում «Անհատական գործընկերության գործունեության» (IPAP) ծրագրի 6-րդ IPAP-ը: Ակնհայտ է, որ դա չի կարող Պաշտպանության նա­խարարությունը լինել, որովհետև նախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին Բրյուսելում աշխատել է որպես ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչ, և դժվար թե նման խնդիրներ առաջացներ: Ըստ ամենայնի գործընթացն արգելակվում է կա´մ Կառավարության աշխատակազմի, կա´մ Արտաքին գործերի նախարարության մակարդակով, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների անորոշության պատճառով, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ի հետ կապված զարգացումները, այն հանգամանքը, որ դեռ այնուամենայնիվ վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնա­կան հանդիպում չի ունեցել, այնքան են զգուշավոր գործում, որ ռուսների դժգոհությունը չհարուցելու համար խուսափում են IPAP-ի 6-րդ ծրագիրը նախապատրաստելուց: Ըստ երևույթին, հենց սա է պատճառը, որ մեր աղբյուրների հավաստմամբ մեկ շաբաթ անց սպասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հա­տուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի այցը Հայաստան, ով Կառավարության ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց հետ բանակցությունների միջոցով փորձելու է հասկանալ Հայաստան-ՆԱՏՕ հետագա համագործակցության հեռանկարները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր