211652_close_icon
views-count6608 դիտում article-date 23:26 04-03-2019

Նամակ ընթերցողից. «Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանը չարաշահում է լիազորությունները»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը իր ընթերցողից էլեկտրոնային նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև. Ես՝ քաղաքացի Ա.Կ.-ս, շուրջ 2 տարի գտնվում եմ ամուսնալուծության գործընթացում: Նախկին ամուսնուս հետ համատեղ ունենք 2 անչափահաս երեխա և դատարանից առաջին ակնկալիքս իրավունքի ուժով երեխաներիս ինձ մոտ պահելն է: Նախկին ամուսինս ինձ դուրս է հրավիրել տնից և հայտարարել, որ կզրկի երեխաներից և տնից, ամեն ինչից, ազատել կտա նաև աշխատանքից։ Եվ քայլ առ քայլ սկսել է իրականացնել իր սպառնալիքը։ Թվում է, թե ակնհայտ ճշմարտություն է, որ անչափահաս երեխաները պետք է լինեն մոր մոտ և լիարժեք դաստիարակություն ստանան և այս հարցում ես խնդիր չպետք է ունենամ: Ես 3 բարձրագույն կրթություն ունեմ, 3 մասնագիտություն, ապահովված եմ աշխատանքով և առանձին բնակարանով, առողջ եմ, սակայն ի տարբերություն նախկին ամուսնուս ու իր հարազատների, ազդեցիկ կապեր ու բարեկամներ չունեմ։ Կարծում եմ, նոր Հայաստանում դրա կարիքը չկա էլ: Սակայն, հենց այդ կապերի շնորհիվ նախկին ամուսնուս ընտանիքը երեխաներիս արդեն մոտ երկու տարի պահում է իրենց մոտ և չի զգաստանում անգամ երկրում տեղի ունեցած իրավիճակի փոփոխությունից: Չեն զգաստանում նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները, որոնք ակնհայտ կողմնապահություն են անում և շարունակում երեխաներիս ու ինձ պահել սթրեսի մեջ: Փաստացի երեխաներիս խնամքով զբաղվում է թոշակառու և վատառողջ տատիկը: «Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ կերպով չեն վերահսկվում, որի արդյունքում հանձնաժողովը կարող է կամայական մոտեցում ցուցաբերել երեխաների համար բախտորոշ հարցերին»: Հատված Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցից: Եվ իսկապես, այս առումով այսօր էլ իրավիճակ չի փոխվել․ ես պարբերաբար նման կամայականության եմ բախվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին կից՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից: Գործնականում, հաճախ մեր գործի վերաբերյալ տրվում են կանխակալ եզրակացություններ՝ ընդամենը մեկ տնային այցելությունից հետո, քանի որ, սուբյեկտիվ գնահատմամբ, մեկ տնայցը համարվում է բավարար: Հանձնաժողովն օգտվում է կյանքի պայմանների մանրամասն հետազոտության չափորոշիչների բացակայությունից, ինչն այս ոլորտում առկա բազմաթիվ այլ օրենսդրական բացերի հետ մեկտեղ, թերի ու կրկնվեմ՝ կողմնակալ եզրակացությունների պատճառ է հանդիսանում: Եվ նման այցերի եզրակացությունն անվերապահ հօգուտ նախկին ամուսնուս է կայացվում։ Այսպիսով, Երևանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը լավագույնս է օգտվում օրենսդրական բացերից և ակնհայտ կողմնապահությամբ ու կանխակալ մոտեցմամբ նպաստում է երեխաներիս՝ ապօրինի կարգով հոր ընտանիքում մնալուն: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած նիստում ականատես եղա այս ամենին և համոզվեցի, թե ինչ ջերմ ու բարեկամական հարաբերություններ են ստեղծել վարչական շրջանի ղեկավարը, աշխատակիցներն՝ ամուսնուս և իր ընտանիքի հետ, այն աստիճան, որ չէին էլ թաքցնում իմ և փաստաբանիս ներկայությամբ։ Բոլոր հարցերը քննարկվում էին միայն իրենց համար ընդունելի դիրքերից, որևէ անաչառ դիրքորոշում այդպես էլ չի արձանագրվել։ Եվ դա արտացոլվել է հանձնաժողովի պաշտոնական գնահատականի մեջ։ Սույն փաստն արձանագրել է նաև իմ փաստաբանը, որը ներկա էր հանձնաժողովի նիստին։ Նա ևս վրդովված էր հանձնաժողովի ակնհայտ կողմնակալ աշխատաոճից․ նիստի ընթացքում նախկին ամուսինս ագրեսիվ էր շատ, խիստ անհավասարակշիռ․ վիրավորել, սպառնացել ու զրպարտել է ինձ ու փաստաբանիս, իրեն սանձարձակ է պահել, սակայն հանձնաժողովը կարծես կաշկանդվածություն ուներ և ինչ-ինչ պատճառներով այդպես էլ կարգի չի հրավիրել նրան, չեն համարձակվել անգամ մի բառով սաստել նրան։ Նա նաև հայտարարել է, որ ալիմենտ չի վճարի, քրեական գործ հարուցել կտա իմ և իմ փաստաբանի նկատմամբ և այսպիսի արտահայտություն արել՝ ուղղված փաստաբանիս. «դրան կտամ, կտանես կպահես», նկատի ունենալով փոքր որդուս, իսկ մեծիս փաստորեն արդեն իսկ համարում է միայն իրենը։ «Երեխայի խնամակալության վերաբերյալ յուրաքանչյուր գործով խնամակալության և հոգաբարձության մարմինը դատարան է ներկայացնում իր եզրակացությունը` կապված հարցի լուծման հետ, որը պետք է կազմվի ծնողներից երկուսի առողջական, սոցիալական, բարոյական հատկանիշների մանրամասն ուսումնասիրության արդյունքում: Սակայն գործնականում, եզրակացությունների կայացման ժամանակ, խորհուրդները հիմնականում առաջնորդվում են իրենց սոցիալական փորձով, սեփական հայացքներով, ինտուիցիայով»: Հատված Մարդու իրավունքների պաշտպանի 2012թ. զեկույցից: Հենց այստեղ է իմ մտավախությունը, որ այս մոտեցումը կտեղափոխվի դատարան, այնտեղ էլ, այսպես կոչված, լեզու կգտնեն և վերջնականապես կզրկվեմ երեխաներիցս։ Առաջիկա դատական նիստը ապրիլին է նախատեսված։ Այս մասին ես ահազանգել եմ պատկան մարմիններին, սակայն ակնկալում եմ նաև լրատվամիջոցների աջակցությունը, որպեսզի վստահ լինեմ, որ երեխաներիս չեն խլի ինձնից և կկարողանամ ազատվել ամուսնուս կողմից տարիներ շարունակվող ճնշումից։ Հուսով եմ, որ լրատվամիջոցների անաչառ աչքի առաջ չեն կարողանա երեխաներիս խլել ինձնից։ Կից ներկայացնում եմ նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դեմ իմ դիմում-բողոքի պատասխանը՝ Երևանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմից, որից կհամոզվեք, որ ներկայացրածս ճիշտ է։ Հասկանալի պատճառներով անուն-ազգանուն չեմ ներկայացնում, սակայն հարցերի դեպքում կարող եք դիմել ինձ էլ փոստով, ես արագ կարձագանքեմ։ [b]Հարգանքով ու հուսով՝ Ա. Կ. [/b]

Նմանատիպ նյութեր