211652_close_icon
views-count1308 դիտում article-date 22:51 04-03-2019

Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Հալեպի նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մարտի 2-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի (Hussain Diab) հետ: Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Հուսեյն Դիաբը բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմի տարիներին մարդասիրական մեծ աջակցությունը: Նա առանձնահատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Հայաստանը միակ պետությունն է, որը Սիրիայում պահպանել է երկու դիվանագիտական ներկայացուցչություն, որոնցից մեկը՝ ՀՀ գլխավոր hյուպատոսությունը, գործում է Հալեպում: Իր հերթին՝ դեսպան Գևորգյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը մշտապես պատրաստ է օգնության ձեռք մեկնել եղբայրական սիրիացի ժողովրդին, ինչի վառ ապացույցն է Հայաստանից վերջերս Հալեպ ժամանած մասնագետների մարդասիրական առաքելությունը: Զրուցակիցները քննարկեցին Հալեպում հայ համայնքի ներկա վիճակը: Նահանգապետը վստահեցրեց, որ Հալեպի տեղական ինքնակառավարման մարմինները առանձնահատուկ ուշադրությամբ են վերաբերվում հալեպահայության խնդիրներին: Նույն օրը դեսպան Գևորգյանը հանդիպեց Հալեպի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ ավետարանական համայնքի ղեկավար վերապատվելի Հարություն Սելիմյանը, հալեպահայ համայնքային կառույցների ղեկավարներ: Դեսպան Գևորգյանը համայնքապետերի հետ քննարկեց հալեպահայ գաղութի առկա վիճակը, ինչպես նաև տեղեկացավ համայնքի առաջ ծառացած խնդիրների մասին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում, մասնավորապես՝ Հասաքեում և Կամիղլիում բնակվող հայերի վիճակին: ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է սփյուռքահայ կառույցների հետ սերտ համագործակցությունը: Տ. Գևորգյանը վստահեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պատրաստակամ են համակողմանի աջակցություն ցուցաբերել Սիրիայի հայ համայնքին:

Նմանատիպ նյութեր