211652_close_icon
views-count24769 դիտում article-date 21:14 03-03-2019

Ոչ սթափ վիճակում քաղաքացին ոստիկանության բաժնում ընկել է հոր ներկայությամբ. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր լրատվական կայքերից մեկում «Ստեփանավանի ոստիկանությունից քաղաքացուն տեղափոխել են վերակենդանացման բաժին» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Հոդվածում նշված է, որ մի տղամարդու ոստիկանության Ստեփանավանի բաժնում ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Պարզաբանենք, որ ոստիկանության Ստեփանավանի բաժնում Ստեփանավանի մի բնակչուհուց ընտանեկան վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Կինը հայտնել է, որ ամուսինը ակնհայտ ոչ սթափ վիճակում հարվածներ է հասցրել սկեսրայրին։ Պարզվել է, որ ամուսինը հարվածներ է հասցրել նաև օգնության եկած հարևանին, որը փորձել է կարգի հրավիրել տղամարդուն։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը ոստիկանություն ահազանգած կնոջ ամուսնուն բերման է ենթարկել բաժին։ Ոստիկանության Ստեփանավանի բաժնում բերման ենթարկվածը, ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով, հոր ներկայությամբ կորցրել է հավասարակշռությունը և ընկել՝ գլխով հարվածելով աստիճանահարթակին։ Այնուհետև տեղափոխվել է բուժհաստատություն։ Նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով նշանակված ծառայողական քննության ընթացքում հայրը բացատրությամբ հայտնել է, որ որդին ոստիկանության Ստեփանավանի բաժնում ոչ սթափ վիճակում գտնվելու հետևանքով ընկել է։ Հանգամանքները պարզվում են»:

Նմանատիպ նյութեր