211652_close_icon
views-count5179 դիտում article-date 12:18 03-03-2019

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին: Ինչպես հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, Թեմի առաջնորդարանի բակում՝ Ս. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, տեղի կունենա տոնախմբություն՝ Բուն Բարեկենդանի առթիվ, իսկ նախապես հայտարարված երթը եղանակի անբարենպաստ լինելու պատճառով չի կայանա։ Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին, որը տևում է 48 օր` մինչև Սուրբ Հարության տոն։ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ։ Բարեկենդան, որ բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: Որպես ժողովրդական տոնախմբության օր` Բուն Բարեկենդանին, բնորոշ է կերուխում, տարբեր խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, թատերախաղ, տարբեր կենդանիների դիմակներով տոնախմբություն։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա:

Նմանատիպ նյութեր