211652_close_icon
views-count3318 դիտում article-date 14:06 03-03-2019

Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի փակման արարողությունը

Մարտի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի է ունեցել «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդեսի փակման արարողությունը: Ցուցահանդեսի փակման արարողությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ծրագիրն ամփոփվել է «Կրկնակի անմահություն» ֆիլմի շնորհանդեսով, որը ներկայացնում է Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի պատմությունը և դրա վերադարձին նվիրված միջոցառումների շարքը։ Թանգարանի նախաձեռնությամբ իրականացվող այս միջոցառումը նվիրված էր բոլոր գործընկերներին և ընկերներին, ովքեր աջակցել են այս լայնամասշտաբ մշակութային ծրագրի իրականացմանը։ Միջոցառման ընթացքում Ռուսական արվեստի թանգարանի կողմից 22 կազմակերպությունների հանձնվել են շնորհակալագրեր, իսկ 5 գլխավոր գործընկերներին նվեր` Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի կրկնօրինակի տեսքով: Հիշեցնենք, որ 1995 թ. Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) գողացվել էր ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը: 2017 թ. մարտին, 22 տարի շարունակ միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում հանձնվեց Հայաստանի Հանրապետությանը: Վռուբելյան նկարն իր գեղարվեստական արժեքից զատ նաև պատմական հետաքրքրություն է ներկայացնում: Այն ստեղծվել էր Մ. Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առթիվ (1891 թ.) նկարազարդված երկերի ժողովածուի համար: Այդ պատվերի շրջանակում Վռուբելը կատարել է 36 գծանկար, որոնցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին: Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի վերադարձին նվիրված` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության անմիջական հովանավորությամբ և աջակցությամբ, Ռուսական արվեստի թանգարանը 2018 թվականի մարտ ամսին իրականացրել է հետևյալ միջոցառումների շարքը. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Լերմոնտով-Ռուբինշտեյն-Վռուբել» գրական–երաժշտական ներկայացում: Կլոր սեղան-հանդիպում Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովյովայի հետ: «Գողացված «Վռուբելի» վերադարձը» ցուցահանդես, որը ներկայացնում է «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարի ստեղծման պատմությունը և մեր օրերի նրա «ոդիսականը»: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և արդիական տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններ (AR-հավելված իրականություն տեխնոլոգիա), որոնք դիտողին տեղափոխում են Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհը:

Նմանատիպ նյութեր