211652_close_icon
views-count3616 դիտում article-date 20:50 01-03-2019

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ Դաշնության խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակություն է հայտնում ՌԴ Դաշնության խորհրդում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթից և սատարում ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ նրա կողմից արտահայտված դիրքորոշմանը։ Արցախպրես»-ի՝ գերատեսչությանն ուղղված այն հարցադրմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Ռուսաստանի Դաշնության խորհրդում: «Չափազանց կարևորում ենք այն, որ ռուսական խորհրդարանի վերին պալատի ամբիոնից ևս մեկ անգամ հաստատվել է Երևանի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի և սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հնչեցվել են մտահոգություններ Ադրբեջանի ապակառուցողական քայլերի կապակցությամբ, որոնք խաթարում են խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում։ Հատուկ գնահատականի է արժանի Արարատ Միրզոյանի այն նկատառումը, որ ռուսաստանյան քաղաքական գործիչների մասնակցությունն Ադրբեջանի հակահայկական քարոզչական գործողություններին անընդունելի է, քանի որ դրանք միանշանակորեն միտված են ռուս և հայ ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերությունների խաթարմանը։ Հայաստանի ղեկավարության այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է Արցախի Հանրապետության իշխանությունների մոտեցումներին։ ԱՀ իշխանությունների համար կարևոր առաջնահերթություններ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զուտ քաղաքական - դիվանագիտական մեթոդներով, ինչպես նաև հայ- ռուսական հարաբերությունների պահպանումն ու խորացումը, որոնց բաղադրիչ մասն են կազմում Արցախի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամական կապերը»,- ասված է ԱԳՆ պատասխանի մեջ։

Նմանատիպ նյութեր