211652_close_icon
views-count3505 դիտում article-date 22:40 28-02-2019

Համազգային թատրոնը հայտարարում է, որ կշարունակի գործել անկախ թատրոնի լուծարման մասին լուրերից

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը առաջիկայում թատերասերների դատին նոր ներկայացումներ է հանձնելու, թատրոնը մեկնելու է հյուրախաղերի, մասնակցելու է փառատոների. Այն չի դադարեցնելու իր գործունեությունը անկախ թատրոնի լուծարման մասին պտտվող լուրերից: «[url=https://armenpress.am/arm/news/965961.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները` շեշտելով, որ թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը: «Համազգային թատրոնում աշխատում են դերասաններ, որոնք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Այստեղ բեմադրվում են ներկայացումներ, որոնք տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ Գրան պրիներով են վերադառնում տարբեր արտասահմանյան փառատոներից: Համազգային թատրոնն այսօր գտնվում է վերելքի փուլում և թատրոնի լուծարման մասին հայտարարություններ անելը պարզապես անթույլատրելի է»,-նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը և հավելեց, որ շուրջ երկու ամսվա ընթացքում վերանորոգել են թատրոնի ճեմասրահը, բեմական հարդարանքը, նոր ներկայացում բեմադրել: Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանն այն մասին, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա, դերասանական կազմը մի կուրսից է եղել` թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ Համազգային թատրոնը հիմնվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կուրս չի ունեցել: «Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանն իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Մայիս Կարագյոզյանի և այլ նվիրյալների հետ, որոնցից ոչ ոք չի եղել Սարգսյանի ուսանողը: Նրանցից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի Հայաստանի թատերական կյանքի կայացման գործում»,-ընդգծեց նա: Նավասարդյանը շեշտեց, որ իրենք պետությունից գումար չեն խնդրում բեմադրությունների համար, ունեն արտաբյուջե և տոմսերի վաճառքից ստացված գումարներով են հոգում նոր ներկայացումներ բեմադրելու հարցը: «Թատրոնը չի կարելի զրկել այն միջոցներից, որոնք մեզ տրամադրում է պետությունը աշխատավարձների համար: Առանց դրա թատրոնը չի կարող աշխատել»,-ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Նա շեշտեց, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը պարտադիր պետք է լինի պետական, քանի որ Սոս Սարգսյանը քիչ բան չի արել հայոց պետականության համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/965961.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր