211652_close_icon
views-count9337 դիտում article-date 17:24 28-02-2019

Վերականգնվում են Զորաց Քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում նախորդ տարի շարունակվել են հնագիտական արշախախմբի պեղումները: Զորաց քարեր հնավայրի շատ տարիներ առաջ թալանված դամբարանի պեղումներից հայտնաբերված շուրջ 3000 բեկոր մաքրել ու դասակարգել են «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բաժնի աշխատակիցները: «Մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում խեցեղենի բեկորներից վերականգնել ենք շուրջ 150 առարկաներ` սափորներ, անոթներ, կճուճներ, քրեղան, սկուտեղ և այլն: Լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանի խոսքով, դրանք թալանված դամբարանի առարկաներ էին, ամբողջական /չվնասված/ գտածո չկար: Լաբորատորիայի աշխատակիցները ոգևորված են արդյունքներից. անսպասելի էր, որ այդքան շատ առարկա կհավաքվեր: Մասնագիտական հմտության ու բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում նրանք կարողացել են «մասնիկներից» ստանալ հնագիտական ամբողջական առարկայի գրեթե 70 կամ 90 տոկոսը, իսկ բացակա հատվածները կլրացվեն գիպսով` ամբողջացնելով առարկայի տեսքը: «Անշուշտ կան առարկաներ, որոնց շուրջ 30 տոկոսն է մեզ հասել բեկորային վիճակում: Վերականգնել ենք ու առաջիկայում դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը, քանի որ հնագիտական բացառիկ նշանակություն ունեցող առարկաներ են», -նշել է Տիգրան Զաքյանը: Նրա փոխանցմամբ լաբորատորիայում մաքրվել ու վերականգնվել են նաև մետաղից առարկաներ` մատանի, երկաթից նիզակ, ականջօղեր, սարդիոնից, ապակուց պատրաստված ուլունքահատիկներ, սափոր, 9,5 սմ երկարությամբ մասխիլ /մաքրելուց հետո եզրերին գծանախշեր են եղել/: Տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող առարկաների թվում վարպետությամբ աչքի են ընկնում երվանդունիների ժամանակաշրջանով թվագրվող սափորն ու ուշ բրոնզի ժամանակաշրջանով թվագրվող ստուկեղը /40 սմ երկարությամբ ու 40 սմ լայնությամբ/: «Աշխատանքն ավելի հետաքրքիր է, քանի որ գործ ունենք տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նյութի հետ», -նշում է լաբորատորիայի վերականգնող Աստղիկ Սիմոնյանը: Ներսես Մամիկոնյանը աշխատել է մետաղի առարկաների հետ: Նրա խոսքով յուրաքանչյուր առարկայի վերականգնում հետաքրքիր է յուրովի: Չնայած բոլորն էլ առանձնահատուկ խնամք ու հոգատարություն են պահանջում: ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Զորաց քարեր հնավայրի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի համոզմամբ վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները շատ կարևոր, շնորհակալ ու մնայուն աշխատանք են կատարել: «Առաջին անգամ վերականգնվում են Զորաց քարեր հնավայրի ավերված դամբարանից պեղված նյութերը: Սրանք առաջին հնագիտական «ծիծեռնակներն» են, որոնք հետագայում կզարդարեն այն ապագա թանգարանի ցուցադրությունը, որը նախատեսվում է կառուցել Զորաց քարերի մոտ՝ համաշխարհային հնավայրը դարձնելով միջազգային զբոսաշրջության կարևոր կենտրոն», -ասել է Աշոտ Փիլիպոսյանը: Առարկաներն արդեն ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում են` հերթական համար ու մասնագիտական նկարագրություն /բնութագիր/ ստանալուց հետո դրանք կհամալրեն ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր