211652_close_icon
views-count1162 դիտում article-date 23:31 27-02-2019

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ

Փետրվարի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ՀՀ առաղջապահության նախարարության, բժշկական հաստատությունների, ԲՈՒՀ-երի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ: Նախագծի քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի կողմից: ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պետք է համատեղ մշակեն «Հայկական գենոմ» նախագծի մանրամասն ռազմավարություն, ճանապարհային քարտեզ և բյուջեի ժամանակացույց, աշխատեն պոտենցիալ հետաքրքրություն ունեցող անձանց շրջանակի հստակեցման և ներդրողների ներգրավման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում «Հայկական գենոմ» նախագիծը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: «Հայկական գենոմ» նախագիծն ուղղված է մեր երկրում գենոմիկայի ոլորտի զարգացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների հետազոտական հնարավորությունների ընդլայնման, կիրառական գիտության և հանրային առողջապահության արդյունավետ քաղաքականության մշակման համար: «Սույն նախագծով Հայաստանը հնարավորություն է ստանում համալրել գենոմի վերծանման նմանօրինակ ազգային նախաձեռնությունների շարքը, որոնք արդեն իսկ մեկնարկել են աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Թուրքիայում»,- ասաց ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը: Հանդիպման մասնակիցները կարևորեցին նախագծի իրականացումը և պատրաստակամություն հայտնեցին համագործակցել նախագծի շրջանակներում: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր