211652_close_icon
views-count2223 դիտում article-date 16:50 27-02-2019

«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը՝ գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ արձագանքելով «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն»-ի հրապարակմանը: Ստորև ներկայացնում ենք ընկերության տրամադրած պարզաբանումը. «Վերջին օրերին մամուլում տեղ գտավ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի» հրապարակումը, որի համաձայն նշված կենտրոնը, ուսումնասիրելով հանրային ծառայությունների ոլորտի որոշ կազմակերպությունների 2015-2018 թթ. գնումների պայմանագրերը, եկել էր այն եզրահանգման, որ նշված կազմակերպությունները գնումների հաշվետվություններ չեն ներկայացնում կամ գնումները չեն իրականացնում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն: Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 թվականից սկսել է հաշվետվություններ չներկայացնել: Չանդրադառնալով Կենտրոնի կողմից իրականացված «ուսումնասիրությունների» որակին և գնումների ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի պահանջների հետ ոչ մի առնչություն չունեցող սիրողական եզրահանգումներին, տեղեկացնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն թե՛ գնումների գործընթացի կազմակերպումը և թե՛ այդ գործընթացի հետ կապված հանրային հաշվետվողականությունն ապահովում է բացառապես գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխան: Այսպես. «Գնումների մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.06.2014 թվականի N207Ա որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կատարված գնումների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացնում ոչ միայն տարեկան կտրվածքով (ինչպես նշված է հրապարակման մեջ), այլ նաև յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը, որը Հանձնաժողովի կողմից ենթարկվում է մոնիթորինգի. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, նշված կարգի համաձայն, այդ հաշվետվությունները ներկայացնում է սկսած 2014 թվականի հուլիսի 1-ից և առ այսօր (այդ թվում նաև 2016-ից 2018թթ.-ին) նշված կարգի որևէ խախտում չունի, հետևաբար «ուսումնասիրության արդյունքում բացահայտված հանգամանքը»՝ 2016 թվականից սկսած նշված հաշվետվությունները չներկայացնելու վերաբերյալ ապատեղեկատվություն է. Առհասարակ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գնումների գործընթացի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը (գնումների պլանի, գնման մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունների, այլ տեղեկությունների հրապարակում) հանրայնացվում է՝ սահմանված կարգով և ժամկետներում՝ տեղադրվելով ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ gnumner.am կայքում, այնպես էլ ընկերության պաշտոնական կայքում»:

Նմանատիպ նյութեր