211652_close_icon
views-count4978 դիտում article-date 13:12 27-02-2019

Երևանի քաղաքապետարանը աղբատար մեքենաներ ձեռք բերելու մրցույթում որևէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսևորել. մամուլի խոսնակ

Երևանի քաղաքապետարանը աղբատար 24 մեքենա ձեռք բերելու մրցույթ կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել: Տեխնիկական բնութագրի մեջ դրվել է շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով հնչող կարծիքներին, թե մրցույթի տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն կոնկրետ մակնիշի մեքենայի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությանը: «Իրականում, քաղաքապետարանը մրցույթը կազմակերպելիս որեւէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսեւորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարում է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի բեռնված մեքենաները կարողանան հասնել աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարեւոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ»-ներ, օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ»-գրել է Կարապետյանը: Նա նշել է նաև, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին: Քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երեւանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար:

Նմանատիպ նյութեր