211652_close_icon
views-count2561 դիտում article-date 10:44 27-02-2019

Կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա: Հայտարարում էին ամենաբարձր մակարդակով: Որպես հիմնավորում նշում էին, որ իրենք կոռումպացված չեն, հետևաբար կոռուպցիան զրկվել է կազմակերպչական այն ձևից, որ ուներ նախկինում: Որոշ ժամանակ անց, երբ միջին և ցածր օղակների մակարդակով տեղի էին ունենում կոռուպցիոն սկանդալներ, իշխանությունները զարմանում ու զայրանում էին, թե ինչպես են ոմանք նոր իրավիճակում համարձակվում կոռուպցիայով զբաղվել, կաշառք վերցնել: Այդ մարդկանց հանդեպ հնչեցվում էին բարոյական գնահատականներ, ըստ որոնց, նրանք չէին ըմբռնել Հայաստանում փոխված իրավիճակը: Արդեն վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի ու Արթուր Վանեցյանի մակարդակով փաստվեց, որ Հայաստանում կոռուպցիա ամեն դեպքում կա: Ավելին՝ արդեն քանի օր է շրջանառվում է ներիշխանական հնարավոր կոռուպցիոն սկանդալ՝ կապված ՊՎԾ աշխատակիցների հետ: Արդյո՞ք ի սկզբանե իշխանությունները անկեղծ էին, երբ համարում էին, որ կոռուպցիա չկա ընդհանրապես, դժվար է ասել: Փաստը այն է, որ այս պահի դրությամբ արձանագրված է, որ կոռուպցիա կա: Ընդ որում, կա ոչ միայն միջին ու ներքևի օղակներում, այլ վերևի օղակներում ևս: ՊՎԾ շուրջ հասունացող սկանդալը դրա ապացույցն է, ապացույց առ այն, որ պայմանական հեղափոխականների շրջանում ևս կոռուպցիա կա: Սա, իհարկե, խարան չէ բուն հեղափոխության համար: Ի վերջո պատմությամբ ապացուցված է, որ բազմաթիվ հեղափոխականներ են հետ կանգնել իրենց հռչակած արժեքներից: Հնարավոր չէ, որ բազմաքանակ հեղափոխական ղեկավարության մեջ բոլորը լինեն բարոյական արժեքների կրող: Ի վերջո, կոռումպացվածության կամ դրա բացակայության մակարդակը արձանագրվում է ոչ թե դրանով զբաղված չլինելու փորձառությամբ, այլ կոռուպցիային առերեսվելու և ճանապարհը փոխելու համարձակությամբ: Խնդիրը այլ տեղ է: Կոռուպցիայի դեմ պայքարը, կոռուպցիան արմատախիլ անելու անձնական, բարոյական շեշտադրումները չեն աշխատում: Կոռուպցիան համակարգային խնդիր է, ու դրա բացակայությունը երաշխավորել բացառապես մարդկային բարոյականությամբ անարդյունավետ է: Այս իմաստով հույս ունենք, որ վերջին արձանագրումները ազդակ կհանդիսանան, որպեսզի վերանայվի կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումը: Վախեցնել դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել: Ավելին՝ վախեցնել հնարավոր է սկզբում, երբ կա հեղափոխական մթնոլորտ ու ահռելի վստահության ռեսուրս: Այնուհետ այդ ռեսուրսը պակասելու է, ընդ որում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Հետևաբար կարիք կա դնել ինստիտուցիոնալ հիմքեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկը: Ավելին՝ շատ զարգացած երկրներում նույնիսկ 100 տոկոսով կոռուպցիան վերացնելու մասին չեն խոսում, քանի որ անիրատեսական է պնդել, թե հնարավոր է մարդկային պատմությունից էլ հին երևույթը հիմնովին արմատախիլ անել: Ժամանակն է, որ վերջին շրջանի ազդակները դառնան նոր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման հիմք: Եթե հիմա դա չարվի, ապա հաջորդ ազդակները վստահաբար ավելի բացասական են լինելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր