211652_close_icon
views-count16402 դիտում article-date 00:56 24-02-2019

Ալեն Սիմոնյան. Նահանջ երգողը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արդեն գործնական քայլերի է անցել ՀՀ օրհներգը փոխելու համար: Ես չգիտեմ ինչու՞ է Սիմոնյանը տրորում առանց այն էլ տրորված ճամփան, նրա ինչի՞ն է պետք վերադարձնել Խաչատրյանի երաժշտությունը: Կարող եմ ենթադրել, որ ինչ-որ բան այն չէ ԱԺ փոխնախագահի ներաշխարհում, ուրիշին վերաբերող ինչ-որ հիշողություն նրան հանգիստ չի տալիս: Գուցե ինչ-որ գրազ է ընկած նախկին օրհներգը պնդելու հարցում: Գուցե ինչ-որ բախտագուշակի խոստում, որ «վերադարձրեք Խաչատրյանին եւ Մերկուրի մոլորակը Ջրհոսի եւ Կշեռքի համաստեղծությունների արանքն ընկնելով դրական էներգիաներ կհաղորդի Հայաստանին ի չարս ոսոխի»: Ես չգիտեմ, թե որն է պարոն Սիմոնյանի մոտիվը օրհներգը փոխելու: Գուցե պետության արժանապատվության փոխարեն նրան սովորեցրել են պետության ծավալներ (ի դեպ, «Մեր Հայրենիքը» ծավալների հարցն էլ է լուծում): 1980 թվականի ծնունդ է մեր հերոսը: Գուցե պատմության մեջ մնալու նրա մանկության լավագույն երազները ուղեկցվել են այդ երգով: Գուցե նրան հավատացրել են, որ, եթե գործող օրհներգը վերցրել ենք առաջին հանրապետությունից, ինչու՞ հաջորդ թռիչքը չանենք՝ չանցնենք երկրորդ հանրապետության օրհներգին: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց Ալեն Սիմոնյանը մտքից պետք է հանի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Որովհետեւ մեզանից ոչ ոք Ալեն Սիմոնյանին իր մանկությունը վերադարձնելու իրավատերը չէ: Գուցե ինքն անկեղծ է: Ու դա պակաս սարսափելի չէ: Նշանակում է, Հայաստանը, որը խորհրդային իրականություն է հաղթահարել, նրա կողքով է անցել ու նա, երբ դեմքով կանգնել է դեպի նոր Հայաստանը, տեսել է, որ միակ իմացածը չկա: Ո՞վ է նրան երաշխավորել, որ պատմության մեջ մնալու հաջորդ քայլը «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղն» է: Այսպես ուրեմն, օրհներգը կարող է ծնվել աղբից: Ալեն Սիմոնյանի մեկնակետը քաղքենիական է: Նա ասում է՝ վերադառնանք Արամ Խաչատրյանին: Այդպես չի լինում, որովհետեւ Խաչատրյանի երաժշտությունը պարտադրված է, իսկ օրհներգի երաժշտությունը կարող է ծնվել, ասենք, փողոց դուրս եկողների պայքարից, որոնք քթի տակ մրթմրթում են ինչ-որ անորոշ որակի մեղեդի, բայց որը խոսում է մի պայքարի հետ, որի մեջ ապագայի տեսլիք կա: Օրհներգը թելադրվում է անբավարարվածության զգացումից: Մեզ ի՞նչն է այսօր պակասում՝ խորհրդային իրականությու՞նը: Ո՞ր մեկն է անքնության նոպաներ ունեցել այն փաստից, որ մեր հաջորդ օրհներգը մեր նախորդ օրհներգը չէ: Էդ երաժշտությունից հրաժարվելուն մեզ ստիպել է պատմությունը, ես կարծես չեմ լսում պատմության շշուկն ականջներիս, որ 30 տարի անց իր հմայքի համար մեզ պակասում է Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Ես պատմության կոկետությանը չեմ հավատում: Լա՞վն էր էդ երաժշտությունը, թող բողոքի գործողություններով արգելեին դրա փոխարինումը «Մեր Հայրենիք»-ով: Օրհներգը արվեստի գործ է դառնում ոչ թե ինքնին, այլ՝ պատմական ընթացքի հետ։ Ինքը որպես արվեստի գործ չի ծնվում, որովհետեւ այն կարող է ոգեկոչել նույնիսկ վերջին անգրագետին: Ասում եմ ձեզ, աղբի խնդիրն անգամ կարող է օրհներգ ոգեկոչել ոչ թե անմիջապես, այլ այն ընդգրկվածությամբ, որով ճանաչելի է դարձնում մնացած բոլոր խնդիրները: Ի սկզբանե օրհներգ չի լինում, ինչպես դա եղավ Արամ Խաչատրյանի պարագայում: Ի սկզբանե աղջիկն է, հետո սիրելի աղջիկը, հետո կինը: Օհներգն այդ կինն է: Այսինքն, նա, ով մի անգամ արդեն նախկինը չի եղել: Մհեր Արշակյան [color=#EF2929] MediaLab.am[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր