211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:45 22-02-2019

Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: «[url=https://armenpress.am/arm/news/965219.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կինոակադեմիայի անդամ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը: «Վիգեն Չալդրանյանը, որը երկու տարի առաջ էր ընտրվել կինոակադեմիայի նախագահ, ԱՄՆ-ից գրավոր նամակով հրաժարական է ուղարկել: Առողջական խնդիրների պատճառով նա չի կարող շարունակել իր աշխատանքն այդ պաշտոնում, և մենք շատ ցավում ենք դրա համար»,- նշեց Խաչատրյանը: Նրա խոսքով` հրաժարականի մասին նամակը ստանալուց հետո մեկ-երկու ամիս սպասել են` մտածելով, որ գուցե Չալդրանյանը փոխի իր մտադրությունը, և եթե առողջությունը լավանա, վերադառնա, բայց Չալդրանյանը մերժել է: «Այս պահին կինոակադեմիան չունի նախագահ: Որոշեցինք առանց շտապելու ընտրել նախագահին, քանի որ մեծածավալ աշխատանք կա անելու: Ստեղծվել է նախագահություն` կազմված յոթ կինոակադեմիկոսից: Նրանք են` Էդգար Բաղդասարյանը, Ռուբեն Ջաղինյանը, Կարեն Կազարյանը, Աննա Երզնկյանը, Գևորգ Գևորգյանը, Մարտին Ադոյանը և ես: Չնայած ես եմ հիմնադրել Կինոակադեմիան, հրաժարվել եմ նորից ընտրվել նախագահ, որովհետև դա բավականին դժվար գործ է: Հնարավոր չէ լինել և՛ Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և՛ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռը»,- ընդգծեց Հարություն Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր