211652_close_icon
views-count938 դիտում article-date 16:10 21-02-2019

Գարեգին Բ Կաթողիկոսը հանդիպել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 17 եկեղեցականների հետ: Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հոգևոր հայրերին և դասընթացների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ վերապատրաստման այս հավաքները նաև առիթ են Մայր Աթոռում համատեղ աղոթելու և միմյանց միջև եղբայրական ոգին առավել զորացնելու: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց եկեղեցականներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ հաստատելով, որ այն լավագույն հնարավորությունն է ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հավատքը, հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով, ինչպես նաև կիսվելու հովվական կյանքի փորձառությամբ: Ըստ Հայոց Հովվապետի՝ այս դասընթացները հնարավորություն են տալիս հոգևոր հովիվներին ավելի արդյունավետ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, նաև համաքայլ ընթանալու գիտության նորագույն նվաճումներին: Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին, լսեց նրանց դիտարկումները ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան երևույթների և բիոէթիկական խնդիրների վերաբերյալ: Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով և Ս. Հոգու առաջնորդությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ: Հանդիպմանը ներկա էր նաև Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր