211652_close_icon
views-count2585 դիտում article-date 23:04 20-02-2019

Մասիս Մայիլյանի հետ Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի քննարվել. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ: Հանդիպումների վերաբերյալ տարածված տեղեկություններից մեկում նշվել է, որ իբր Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում։Հարցի կապակցությամբ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանություն է խնդրել ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որին ի պատասխան նշել են. «Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի բարձրացվել։ Միևնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են սերտ և վստահելի հարաբերություններ, և քննարկման համար փակ թեմաներ չկան»: ԱԳՆ պատասխանի մեջ նշված է նաև, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հենց այս դիրքորոշումն էր արտահայտել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նմանատիպ նյութեր