211652_close_icon
views-count3238 դիտում article-date 14:11 20-02-2019

«Մատենադարան-Գանձասար»-ում կկազմակերպվի հայագիտական միջազգային գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019 թվականի աշնանը «Մատենադարան-Գանձասար»-ի և «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» (ՀՈՒՄԸ) համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվելու է հայագիտական միջազգային գիտաժողով, որին ներկա են լինելու հռչակավոր մի խումբ գիտնականներ: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/101685/matenadaran-gandzasar-um-kkazmakerpvi-hayagitakan-mijazgayin-gitazhoxov.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ 2018 թվականին գիտամշակութային կենտրոնում կազմակերպվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, մատենագետ, աստվածաբանության և փիլիսոփայության դոկտոր Գարեգին Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցադրություն, ինչպես նաև Ստեփանոս Երեցի «Հանգիտագիրք» պատմագրքի (գրաբար բնագրի աշխարհաբար փոխադրությամբ) և Երևանի Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի «Հայկական կազմարարության Արցախ-Ուտիքի դպրոցը» գրքերի շնորհանդեսը, իսկ այս տարվա փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով: Ըստ Ա. Թորոսյանի՝ «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը 2018 թվականին ընդունել է շուրջ 16 հազար տեղացի և օտարերկրյա այցելուների՝ նախորդ տարվա 13 հազար 500-ի փոխարեն: «Այցելուների մեծ մասը եղել են Ռուսաստանի Դաշնության, Եվրոպական երկրների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի և Արցախի քաղաքացիներ: Շարունակել ենք նաև մեր համագործակցությունը պաշտպանության բանակի հետ. այս տարի ընդունել ենք 1531 զինծառայողի: Այս տարվա այցելուների գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկները:Նրանց հետաքրքրում է մեր գիտամշակութային կենտրոնի ցուցադրությունը, որտեղ հիմնականում ներկայացված են Արցախում գրչագրված ձեռագրեր, կամ այլ նահանգներից Արցախ բերված ու պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր: Մենք նաև տեղացիների իրազեկման խնդիր ունենք. արցախցիներին պետք է ծանոթացնել այն հարուստ ձեռագրական ժառանգությանը, որ ժամանակին ստեղծվել է Արցախի գրչության կենտրոններում»,-մասնավորապես ասել է տնօրենի պաշտոնակատարը: Նա նաև տեղեկացրել է, որ 2018 թվականի ամռան շրջանում Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը սահմանել է մուտքի տոմսերի գնացուցակ, հիմք ընդունելով Արցախում գործող թանգարանների մուտքավճարը: «Համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում ազատամարտիկների, հաշմանդամների, թոշակառուների, մինչև 7 տարեկան երեխաների, ուսանողների և պետական-պաշտոնական պատվիրակությունների համար «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մուտքն անվճար է»,-ընդգծել է Ա. Թորոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր