211652_close_icon
views-count1194 դիտում article-date 16:25 19-02-2019

ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հարցը: Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեցին պատգամավորները: «Մենք, իհարկե, քննարկել ենք այլընտրանքային ճանապարհի հարցը: Խնդիրը պահանջում է քաղաքական լուծումներ: Խնդիրը տնտեսական չէ: Բայց առայժմ շտապողականություն չենք ցուցաբերում և չենք ասում, թե դա ինչպես է լուծվելու»,-ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց` ինքը դիտարկում է այլ ճանապարհ` Իրանով դեպի Ռուսաստան, դեպի Աստրախան: Պատգամավորը նկատեց` պետք չէ միայն մեկ խնդիր դիտարկել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշեց` փետրվարի 6-ի հանդիպումը Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական ընկերության միջև չի ստացվել, ընդհանուր հայտարարի չեն եկել: «Եվ Կալաշնիկովն ակնարկ արեց, որ այդ քննարկումները չեն դադարում տեղի ունենալ` մասնավորապես Հարավային Օսեթիայի ճանապարհի հարցում: Շատ փակագծեր իրենք էլ չբացեցին: Ամեն դեպքում մենք նորից դիտարկում ենք ծովը որպես այլընտրանքային ճանապարհ: Երկու ծովային այլընտրանքային ճանապարհները դիտարկում ենք»,- եզրափակեց պատգամավորը: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը փետրվարի 4-ին հայտնել է, որ Մոսկվան ու Թբիլիսին ավարտին են հասցրել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող այլընտրանքային ցամաքային ճանապարհի գործարկման ուղղությամբ ծավալվող քննարկումները: Հրապարակման համաձայն՝ կողմերն ամբողջացրել են «Ապրանքների առևտրի մաքսային վարչարարության և մոնիթորինգի մեխանիզմների մասին» համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու ընթացակարգերը: Պարբերականի աղբյուրը վստահեցրել է, որ այս պահին համաձայնեցված մեխանիզմների իրականացման համար խոչընդոտներ չկան: Պայմանավորվածությունների համաձայն՝ Societe Generale de Surveillance աշխատակիցներն աշխատանքի կանցնեն այն ժամանակ, երբ ՌԴ-ից և Վրաստանից կստանան իրենց աշխատանքի դիմաց տրամադրվող գումարները: Ռուսաստանը վճարումը կատարել է 2018 թ. հունիսին, վրացական կողմը՝ անցած տարվա նոյեմբերին: Մոնիթորինգի մեկնարկի վերջնական ժամկետը կողմերը կորոշեն համատեղ կոմիտեի նիստում, որը ստեղծվել է 2011 թ. համաձայնագրի համաձայն: Կոմիտեն առաջին նիստը կանցկացնի Շվեյցարիայում, փետրվարի 6-ին: Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Կոմերսանտ»-ին հաստատել է, որ համաձայնագրի իրականացման նախապատրաստումն ավարտվել է: Պարբերականը նաև նշում է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկով շահագրգռված է նաև Հայաստանը: Նշվում է, որ Հայաստանի համար Հարավային Օսիայով անցնող միջանցքը դիտարկվում է որպես այլընտրանք Լարսի անցակետին, որը ձմռանը հաճախ է փակվում ձյան պատճառով: Հայկական կողմը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, զերծ էր մնացել Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները մեկնաբանելուց` բանակցային գործընթացին որևէ կերպ չվնասելու համար: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակում ԱԺ խմբակցությունների հետ հանդիպում է ունեցել փետրվարի 15-ին:

Նմանատիպ նյութեր