211652_close_icon
views-count1645 դիտում article-date 09:46 19-02-2019

Ամուլսարի հանքավայրը չի գործում, սակայն ոչ միայն բնապահպանական խնդիրները չեն վերացել, այլև նոր վտանգներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բնապահպանները տևական ժամանակ պայքարում էին Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ պատճառաբանելով, որ այն բնապահպանական վտանգ է ներկայացնում: Պարզվում է, սակայն, այսօր, երբ հանքավայրի գործունեությունը դադարեցված է, բնապահպանական խնդիրները ոչ միայն չեն չեզոքացել, այլև նոր վտանգներ են ի հայտ եկել»: Թերթը շարունակում է, որ մասնավորապես, ըստ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության` ձմռան այս ամիսներին Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ, բայց շրջափակման պատճառով հնարավոր չի եղել իրականացնել մակերևութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները: Նրանց պնդմամբ` այս աշխատանքները պետք է իրականցվեին մինչ ձյան տեղումները, մինչդեռ հանքավայրը շրջափակված է, կառավարությունը քայլեր չի ձեռնարկում ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ, և «Լիդիան Արմենիա»-ն հայտարարել է, թե շրջակա միջավայրի, ջրի և օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը: Կառավարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը և բնապահպանական տեսչությունը, դեռ չեն արձագանքել «Լիդիան Արմենիային»: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում, քանի որ եզրակացությունը լինելու է հօգուտ իրենց: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր