211652_close_icon
views-count2140 դիտում article-date 22:38 18-02-2019

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին

Փետրվարի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով համաժողովը` նվիրված մեծանուն գրող, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Իր ելույթում նա մեջբերեց Հովհաննես Թումանյանի խոսքերը. «Թումանյանն ասել է. «Պետք է համախմբել հայ գիտնականներին, ստեղծել գիտություն հայերենով և հայ գիտնականների կաճառ` գիտության օջախ, հայկական ակադեմիա»: Նա երազում էր ունենալ համալսարան մեր կրթության համակարգում: Առաջին հանրապետության ղեկավարները կարողացան համալսարանի նրա ցանկությունն իրականացնել. 1919թ-ին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը, որի 100-ամյակը պետք է այս տարի նշենք, բայց, Գիտությունների ազգային ակադեմիան չհաջողվեց այդ ժամանակ կազմակերպել, այն կազմակերպվեց ավելի ուշ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Ներկաներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ Թումանյանին համարում են ամենահզորներից մեկը, ով ազգի ձևավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել: Երբ կարդում ես նրա հրապարակախոսական նյութերը, կարծես մի քանի օր առաջ է գրել դրանք: Բացի այդ որ գրել է, խնդիրը վերհանել է, նաև լուծումներ է առաջարկել»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով նաև Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ, հայտարարեց, որ պետությունը նպատակ ունի Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումները վերածել համազգային տոնախմբության: Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության, գրական-հասարակական գործունեության վերաբերյալ ելույթներով հանդես եկան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատություններից: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր