211652_close_icon
views-count2327 դիտում article-date 13:17 16-02-2019

Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Die Zeit» շաբաթաթերթին, որում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, յուրօրինակ է: «Մեր շարժման ամենասկզբից դրա ամենակարեւոր խորհրդանիշը մեր վեր պարզած ձեռքերն էին. դա բնութագրում էր մեր նպատակները՝ նույնիսկ եթե կառավարությունը ուժ կիրառեր, մենք ուժով չէինք պատասխանելու»,- ասել է Փաշինյանը: Նա բացառել է, որ որեւէ իրավիճակում կարող է բռնությունն արդարացված համարել: «Բռնությունը բացառելը եղել եւ մնում է մեր համոզմունքը: Մենք ցանկանում ենք Հայաստանում բացառել բռնությունը»,- ասել է Փաշինյանը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաջողության հասնելու համար առաջնո՞րդ է անհրաժեշտ, Փաշինյանը պատասխանել է, որ իր ամենամեծ ներդրումը կայանում է նրանում, որ հայտարարել է, որ ինքը առաջնորդ չէ: «Այդ պահից մեր շարժումն ապակենտրոնացավ եւ սկսեց աճել: Դա բարդացրեց կառավարության եւ ոստիկանության առաջադրանքը՝ մեզ վերահսկելու եւ կանգնեցնելու առումով: Մենք մեր հետեւորդներին միայն մի քանի պայման էինք առաջադրել: Մենք ասել ենք, որ բոլոր գործողությունները պետք է լինեն առանց բռնության, չի կարող լինել ատելության որեւէ դրսեւորում: Մեր հեղափոխության իրական առաջնորդները մեր քաղաքացիներն էին»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: Անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանում պետք է դրական փոփոխություններ լինեն այն դեպքում, երբ Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցած «գունավոր հեղափոխություններից» հետո այդ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չի եղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» չէր: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրենց հետ որեւէ օտարերկրյա ուժ կապված չի եղել: «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ: Մեր հեղափոխության մեջ ներգրավված էին միայն Հայաստանի քաղաքացիները, ովքեր ավելի լավ ապագա են ցանկանում»,- ընդգծել է նա:

Նմանատիպ նյութեր