211652_close_icon
views-count5023 դիտում article-date 13:07 16-02-2019

Խաչերթ, ցուցահանդես-մրցույթ և համերգ Երևանում․ Հայաստանը նշում է Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 16-ին Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ այս օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 13 տարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնի առթիվ հոգևոր արարողություններին զուգահեռ իրականացվում են երիտասարդներին ուղղված բազմաթիվ ծրագրեր՝ սիրո տոնը լցնելով հայկական երանգներով ու տրամադրությամբ: Առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը: Նավասարդ Սրբազանի տնօրինությամբ այդ օրը թեմի երեք՝ Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 22.00-ը: Այսօր ժամը 14։30-ին արդեն ձևավորված ավանդույթի համաձայն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով հազարավոր երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, ոստիկանական ակադեմիայի սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և բոլոր ցանկացողները միասնաբար կմասնակցեն խաչապտույտին: Ժամը 15-ին Հայաստանի նկարիչների տանը (Երևան, Աբովյան 16) կբացվի Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 6-րդ ցուցահանդես- մրցույթ: Կազմակերպիչներն են Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միությունը և Հայաստանի նկարիչների միությունը: Մրցույթի համար սահմանվել է չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստ: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական պարգևների: 15:30-ին Երևանում, Սիրահարների պուրակում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Ս. Սարգսի տոնին: Համերգին ելույթ են ունենալու Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:

Նմանատիպ նյութեր