211652_close_icon
views-count1223 դիտում article-date 22:35 15-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, վստահեցրել է, որ նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու եւ զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն ավանդական բարեկամության բազմադարյա եւ հարուստ պատմություն: Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը: Լեոնիդ Կալաշնիկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ եւս շարունակական կլինի: Նա կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ փոխգործակցությանն ու օրակարգային խնդիրների քննարկման հարթակ կդառնա: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ:

Նմանատիպ նյութեր