211652_close_icon
views-count1562 դիտում article-date 21:54 15-02-2019

«Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում». Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, եւ որ Հայաստանը շարունակելու է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը գոյություն ունեցող ձեւաչափերում: Այս համատեքստում կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության դերը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչի առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը պատրաստակամ է իր գործուն ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական փոխգործակցության օրակարգերն ակտիվ եւ արդյունավետ իրականացնելու համար: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները, ինչի կապակցությամբ Ռոզարիա Պուլյիզին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, իրենց դրական ազդեցությունը կունենան նաեւ տարածաշրջանի վրա: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս կապակցությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պարզապես տարածքային խնդիր չէ, այն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է: Կողմերը քննարկել են նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ռազմատենչ հռետորաբանության բացառման կարեւորությունը՝ որպես խնդրի լուծման հանձնառության կառուցողական քայլի: Ռուբեն Ռուբինյանն ու Ռոզարիա Պուլյիզին պատրաստակամություն են հայտնել ավելի սերտ փոխգործակցության շուրջ՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում խորհրդարանին վերապահված դերակատարումն առավելագույն արդյունավետ իրացման համար:

Նմանատիպ նյութեր