211652_close_icon
views-count1228 դիտում article-date 23:30 15-02-2019

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը եւ կարեւորել խորհրդարանական ձեւաչափով Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում ընդգրկված միջոցառումների իրականացումը: Գործընկերային հարաբերությունների շրջանակում հանձնաժողովի նախագահն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը: Նա վստահեցրել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ում իր գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ակտիվ է լինելու, խոսել է Ռոուզ-Ռոթ սեմինարին պատվիրակության մասնակցության վերաբերյալ: Ռոզարիա Պուգլիսը կարեւորել է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ փաստելով, որ խորհրդարանն իրենց ամենակարեւոր գործընկերներից է: Նա անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերին եւ դրան առնչվող խնդիրներին: Զրուցակիցները կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը, անդրադարձել մարտի 11-ից 18-ը Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագրի շրջանակում խորհրդարանում նախատեսված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր