211652_close_icon
views-count11776 դիտում article-date 15:23 15-02-2019

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աիդա Թոփուզյանը

Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։ Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։ 2019թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Առաջադրված 5 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը։ Վերջինս իր ելույթում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտի խնդիրներին, մասնավորապես շեշտել հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այս հարցում կարևորելով Հանրային խորհրդի դերակատարումը։ Նշենք, որ ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությամբ ավարտվում է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ վարչապետի առաջարկով կառավարությունը կնշանակի խորհրդի նախագահ, և Հանրային խորհուրդը կհամարվի կազմավորված, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն կտարածի։

Նմանատիպ նյութեր